Home / Ոստիկանություն / Բերման է ենթարկվել, ապա ազատ արձակվել Սերժ Սարգսյանի եղբայրը (թարմացված)

Բերման է ենթարկվել, ապա ազատ արձակվել Սերժ Սարգսյանի եղբայրը (թարմացված)

Երևանի կենտրոնում գտնվող «Անի» հյուրանոցից մոտից 18:00-սահմաններում բերման է ենթարկվել ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանը։

«Նրան բերման են ենթարկել «Անի» հյուրանոցից դուրս գալիս: Նա ոստիկանության աշխատակիցներին ասել է, որ իրեն վատ է զգում, այնուամենայնիվ, Սարգսյանը բերման է ենթարկվել, իսկ թե ինչ կասկածանքով, հայտնի չէ»,֊ գրել էր armtimes.com֊ը։

Ավելի ուշ ոստիկանությունը հայտնել էր, որ Սարգսյանին և նրան ուղեկցողներին բերման են ենթարկել ապօրինի զենք կրելու կասկածանքով:

Ոստիկանության տեսանյութը.

Ժամը 21:30-ի սահմաններում armtimes.com-ը հայտնել է, որ Ալեքսանդր Սարգսյանին և նրա ուղեկիցներին բաց են թողել, իսկ նրանց մոտ հայտնաբերված զենքերի օրինականությունը ստուգվում է:

Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի կնոջը՝ Նազիկ Ամիրյանին ձերբակալելու որոշում է կայացվել: Այս մասին գրել է news.am֊ը հղում անելով Հատուկ քննչական ծառայության մամուլի ծառայությանը։

Ինքը՝ Մանվել Գրիգորյանը, կալանավորված է, նրա որդուն՝ Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել խոշոր չափի յուրացման մեջ։ Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի ամառանոցում ԱԱԾ բացահայտումներից հետո վերջինիս կինը՝ գնդապետ Նազիկ Ամիրյանը 2980 հատ «վաճառքի ենթակա չէ, ԶԻՆՎՈՐԻ բաժին» գրառմամբ մսի պահածոներ է փորձել դուրս հանել ԵԿՄ վարչության շենքից։