Գլխավոր / Ոստիկանություն / Տարոն Մարգարյանը չի ներկայացել Երևանի ավագանու նիստին

Տարոն Մարգարյանը չի ներկայացել Երևանի ավագանու նիստին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր չի ներկայացել ավագանու նիստին։ Ըստ փոխքաղաքապետ Կամո Արեյանի՝ նա վատառողջ է։ Հիշեցենք, որ Մարգարյանի ահռելի ունեցվածքի և հնարավոր կոռուպցիոն չարաշահումների մասին երեկ տեսանյութ է հրապարակվել, որով այժմ զբաղվում է Ազգային անվտանգության ծառայությունը։

Կամո Արեյանը, որը քաղաքապետի փոխարեն վարել է նիստը, նաև պարզաբանել է՝ ինչո՞ւ է ավագանու այսօրվա նիստի օրակարգից հանվել «Երևան» հիմնադրամին գույք նվիրաբերելու հարցը։

«Հիմնադրամի հետ կապված ԱԱԾ֊ի կողմից նախաքննության գործընթաց է իրականացվում, առգրավված են բոլոր փաստաթղթերը, բերման է ենթարկված հիմնադրամի տնօրենը, պարզ չէ՝ ով է ստորագրելու, ով է հանձնող կողմը լինելու, ժամկետները հայտնի չեն, այդ պատճառով հարցը հանվել է (ավագանու օրակարգից)»,-ասել է Արեյանը։

«Երկիր Ծիրանի» խմբակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը հորդորել է Ավագանու ՀՀԿ խմբակցությանը չդառանալ մեղսակից Տարոն Մարգարյանին, և անհապաղ սկսել Երևանի ավագանին լուծարելու գործընթաց։ Փոստանջյանն ասել է, որ հասարակությունը պահանջում է, որ Տարոն Մարգարյանը քրեական պատասխանատվության ենթարկվի՝ պաշտոնը չարաշահելով հարստանալու, քաղաքացիների ազատ արտահյատման ուղղված բռնություններ կատարելու, ընտրությունները կեղծելու և այլ հանցագործությունների համար։

«Շուրջ մեկ տարի առաջ Սերժ Սարգսյանը եկավ քաղաքապետարան և փորձեց Տարոն Մարգարյանին կարգել որպես քաղաքապետ։ Այս պահին Սերժ Սարգսյանը որպես բարձրաստիճան պաշտոնյա գոյություն չունի։ Ճիշտ է՝ դեռ չի գտնվում «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում, բայց դա ձեզ չպետք է կաշկանդի»,֊ ասել է Փոստանջյանը։