Գլխավոր / Բանակ / ՊՆ֊ի մրցույթում հաղթել էր ավելի թանկ գին առաջարկած ընկերությունը

ՊՆ֊ի մրցույթում հաղթել էր ավելի թանկ գին առաջարկած ընկերությունը

ՀՀ պաշտպանության նախարարությունը զինվորների համար հագուստ և այլ պարագաներ գնելու համար բաց մրցույթ հայտարարելու փոխարեն «հրատապ բաց մրցույթ» բառակապակցությունն է կիրառել, ինչի պատճառով մերժել է մասնակից՝ առավել ցածր գին առաջարկած առաջին և երկրորդ հայտատու ընկերություններին, հաղորդում է Դատախազության կայքը։

«Արդյունքում հաղթող է ճանաչվել երրորդ տեղ զբաղեցրած և շուրջ 29 մլն դրամով ավելի թանկ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը: Ի դեպ, նշված գումարը համարժեք է եղել առաջին հայտատու ՍՊԸ-ի ներկայացրած պայմանագրային արժեքով 50.000 հատ շապիկի կամ 80.000 հատ կիսավարտիքի գնին:

ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան պաշտոնատար անձանց գործողությունների արդյունքում պետությանը պատճառված գույքային վնասի չափը և մեղավոր անձանց շրջանակը հստակեցնելու, վերջիններիս արարքներին իրավական գնահատական տալու նպատակով ուսումնասիրության արդյունքներն ուղարկվել են ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն՝ նյութեր նախապատրաստելու և հետագա ընթացքը լուծելու համար: ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ», ֊ ասված է Դատախազության հաղորդագրության մեջ։

Նշենք, որ քննություն սկսելու պատճառ է հանդիսացել «Ժողովուրդ» օրաթերթի՝ մայիսի 17-ի «ՊՆ-ի բառախաղը՝ պետբյուջեի գումարները մսխելու պատճառ» հոդվածը։

Մերժված հայտատուներից մեկի՝ «Գևգրուպ» ընկերության ներկայացուցիչ Գևորգ Մալխասյանը թերթին ասել էր, որ մրցույթի խախտումների մասին նամակներ է գրել արդեն նախկին նախարար Վիգեն Սարգսյանին, մշտապես պատասխան է ստացել ՊՆ դեպարտամենտի պետ Կարեն Կարապետյանից։  Վերջինս հայտարարել է, որ ընկերությունը նպատակ է դրել զրպարտել գնահատող հանձնաժողովին և վերջիններիս գործողություններին տալ անհիմն որակումներ։