Գլխավոր / Վերլուծություն / Քրդամետ HDP-ն պահպանեց դիրքերը՝ դիմանալով Էրդողանի և ֆաշիստների ճնշմանը

Քրդամետ HDP-ն պահպանեց դիրքերը՝ դիմանալով Էրդողանի և ֆաշիստների ճնշմանը

Թուրքիայում հունիսի 24֊ին կայացած խորհրդարանական ընտրություններում իշխող Արդարություն և Զարգացում (AKP) կուսակցությունը շարունակում է առաջատարը լինել, թեև 2015 թվականի ընտրությունների համեմատ մոտ 2 միլիոն ձայներ է կորցրել:

Համաձայն Հեղափոխական սոցիալիստ աշխատավորների կուսակցության հայտարարության, AKP-ի կորցրած ձայները ուղվել են Ազգայնական Շարժում կուսակությանը, որը ծայրահեղ աջ, եվրոսկեպտիկ կուսակցություն է։ Այս երկուսը ընտրություններին մասնակցում էին դաշինքով, և միասին կունենան խորհրդարանական մեծամասնություն՝ 244 պատգամավորներով։

«Երկու տարի առաջ արված ռազմական հեղաշրջման փորձը ավելի խորացրեց հանրային կարծիքը, թե «արտասահմանյան ուժերը փորձում են ոչնչացնել թուրքական պետությունը»։ Ոչ սոցհարցումները, ոչ ձախերը չէին կանխատեսում, որ Աֆրին և Կանդիլ ներխուժելը, ինչպես նաև ԱՄՆ-ի հետ բանակցությունները՝ սիրական Մանբիչ քաղաքից քրդերին վնասազերծելու  ուղղությամբ, հող կպատրաստեն ազգայնական միտումների համար», — ասվում է հիշատակված ձախ կուսակցության հայտարարությունում։

Աջակողմյա փոփոխությունների մասին է վկայում նաև այն, որ 10 տոկոս ձայներ է հավաքել Ազգայնական Շարժումից անջատված և ընդամենը մեկ տարվա պատմություն ունեցող «Լավ կուսակցությունը», որի անդամները նախկինում ներգրավված են եղել ֆաշիստական ակցիաների մեջ։

2018 թվականի սկզբին օրենսդրական փոփոխություններ էին կատարվել, որ թույլ էր տալիս կուսակցություններին միանալ, դաշինքով մասնակցել, որպեսզի փոքր կուսակցությունները կարողանային անցնել 10 տոկոսի շեմը։ Ընդդիմադիր, Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցությանը (HDP) մնացել է առանց դաշինքի, քանի որ ընդդիմադիր Ազգային դաշինքը չի համաձայնել համագործակցել։ Հիմնական պատճառը՝ HDP-ի՝ Քուրդիստանի աշխատավորների կուսակցության (PKK) հետ կապեր ունենալն էր։

HDP-ն հրաժարվել է քրդական աջ կուսակցությունների հետ միավորվել՝ հայտարարելով, որ իրենց ընտրողները հիմնականում ձախ հայացքներ ունեցող մարդիկ են։

Մնալով առանց դաշինքի՝ HDP֊ի խնդիրն էր միայնակ հաղթահարել 10 տոկոսի շեմը և մնալ խորհրդարանում։ HDP-ն քարոզարշավի ընթացքում բազմաթիվ խոչընդոտներ է ունեցել․ նախ կուսակցության առաջնորդ Սելահատին Դեմիրթաշը 2016 թվականից բանտում է, հազարավոր կուսակցականներ և ձերբակալվում էին, վանդալիզմի էին ենթարկվում կուսակցության տեղեկատվական նյութերը։ Այնուամենայնիվ HDP-ն անցել է շեմը՝ ստանալով ձայների մոտ 11.7 տոկոսը։ 67 պատգամավորով նրանք կլինեն նոր խորհրդարանի 3-րդ ամենամեծ ուժը։