Home / Առողջապահություն / Թեղուտի հանքը պետք է անհապաղ փակվի, ընկերության դեմ` գործ հարուցվի

Թեղուտի հանքը պետք է անհապաղ փակվի, ընկերության դեմ` գործ հարուցվի

Թեղուտի հանքը չպետք է վերագործարկվի, հանքը շահագործող «Վալլեքս» ընկերությունը պետք է ծածկի փակման հետ կապված բոլոր ծախսերը, փոխհատուցի վնասները և ինչքան հնարավոր է արագ հեռանա Հայաստանից։ Այս մասին այսօր «Թեղուտի հիմնախնդիրը․ ո՞րն է լուծումը» հանրային քննարկման ժամանակ հայտարարել է բնապահպան Լևոն Գալստյանը։ Վերջինիս խոսքով՝ իրավապահ մարմինները պետք է զբաղվեն ընկերության և համապատասխան նախարարությունների աշխատակիցների հարցով, քանի որ նրանք, տեղյակ լինելով հանքի կատարած խախտումների մասին, թաքցրել են դրանք։

Այս տարվա հունվարին հայտնի դարձավ, որ 2014 թվականից Լոռու մարզի Թեղուտի անտառում պղնձի և մոլիբդենի արտադրությամբ զբաղվող «Վալեքս գրուպ» ընկերությունը դադարեցնում է հանքի շահագործումը։ Հանքարդյունաբերական գործողությունների դադարեցումը շահագործողը պատճառաբանում էր նրանով, որ պետք է գիտակիրառական ու գիտահետազոտական աշխատանքներ կատարելուն լծվի, որպեսզի ընդլայնի արտադրական ծավալները։

Հանքի աշխատանքների դադարեցման հետ կապված ոչ մի պաշտոնական փաստաթուղթ չի ներկայացվել պետական մարմիններին, պնդում է բնապահպան Լևոն Գալստյանը․ «Փաստորեն պետությանն այս ընկերությունը ոչ մի բան չի տեղեկացրել, ոչ մի փաստաթուղթ չի ներկայացրել, որ ինքը դադարեցնում է 10 տարի գովերգած հանքի շահագործումը, և պետությունը ոչ մի բան չի արել։ Ո՛չ հայտարարության է տարածել, ո՛չ զգուշացում է տվել, ո՛չ ստուգումներ է արել»։

Նրա խոսքով՝ ընկերությունն արդեն պետք է զրկված լիներ ընդերքօգտագործման իրավունքից։

Այսօրվա քննարկմանը «Վալլեքսի» ներկայացուցիչները չէին եկել, սակայն նամակ էին ուղարկել, որում ասվում է․ ««Թեղուտ ՓԲԸ» լեռնահարստացուցիչ կոմբինատը պլանային, կանխարգելիչ վերանորոգման աշխատանքներ կատարելու համար 2018 թվականի հունվարի 12-ից դադարեցրել է աշխատանքը։ Ընկերության ղեկավարությունը կայացրել է միակ պատասխանատու որոշումը՝ չվերագործարկել կոմբինատը, քանի դեռ պոչամբարի կայունության ցուցանիշնրը չեն համապատասխանեցվել ՀՀ օրենսդրական չափորոշիչներին»։

«Վալլեքս»-ի այս հայտարարությունը, համոզված է բնապահպանը, հաղորդում է իրենց իսկ կատարած հանցագործության մասին, և իրավապահ մարմինները պետք է զբաղվեն այդ հանցագործությունը թաքցրած մասնավոր ընկերության և դա կոծկած պետական մարմիններով։

«Հունվարի 11-ին նրանք դադարեցնում են շահագործումը՝ ոչ մեկին տեղյակ չպահելով։ Միայն երբ հանրությունն այդ տեղեկությունը տարածեց, նոր ստիպված եղան դրա մասին հայտնել, սակայն էլի ոչ մի խոսք չկար պոչամբարի վտանգավորության մասին։ Այսինքն՝ իրենք կեղծ տեղեկատվություն են ներկայացրել հանրությանը․․․ Այսօր ընկերությունը հայտատարում է, որ պոչամբարի հետ կապված լուրջ խնդիրներ կան, դրա համար են դադարեցրել իրենց աշխատանքը»։

Գալստյանը հիշեցրել է, որ վերջին տարիների ընթացքում բնապահպանները և միջազգային փորձագետներն անընդհատ ասել են, որ պոչամբարի հետ կապված լրջագույն խնդիրներ կան։

Արդյոք համապատասխան նախարարությունները տեղյա՞կ են եղել Թեղուտի հանքում կատարված խախտումների մասին։ Որքանո՞վ են պատշաճ գործել, ի՞նչ գործառույթներ չեն իրականացվել և ինչպե՞ս են պատրաստվում իրականացնել։

«Մեր հարցումներին ի պատասխան, օրինակ, ԱԻՆ-ն ասում է, որ 2017 թվականի գնահատման տվյալներով ամեն ինչ նորմալ է, Գյուղատնտեսության նախարարությունն ասում է, որ անտառների հետ կապված խնդիր չկա։ Բնապահպանության նախարարությունը ասում է, որ ընդհանրապես ստուգում չեն արել», – քննրակման ժամանակ բարձրացված հարցերին անդրադարձել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»  հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանը։

Բնապահպանության նախարարության Ընդերքի և հողերի պահպանության վարչության պետ Վիգեն Պետրոսյանը չի ցանկացել անդրադառնալ «նախկինում կատարված կամ չկատարված աշխատանքներին»․ «Պարոն Գրիգորյանը (Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյան֊խմբ․) արդեն իսկ հայտնել է, որ հետևողական ենք լինելու մեր աշխատանքներում»։

Այդ հայտարարությունը զայրացրել է Լևոն Գալստյանին․ նա ընդգծել է, որ հանցագործության մասին իմանալ և թաքցնելու պատասխանատուն հենց նախարարություններ են, որոնց ներկայացուցիչները նաև մասնակցում են քննարկմանը․ «Ոչ ստուգում եք արել, ոչ հանրությանը տեղյակ եք պահել, ու հիմա ասում եք՝ անցած բաներին մենք չենք անդրադառնում։ Ո՞նց չեք անդրադառնում, ժողովուրդ ջան։ Եկել ենք ստեղ ու նորից փորձում ենք ծածկադմփոց անել, որ Սերժի մանկլավիկները նորից գնան այնտեղ աշխատեն և շահագործեն Թեղուտի անտառները», – հայտարարել է Գալստյանը։