Գլխավոր / Բնապահպանություն / «Լիդիանը» բացել է ճանապարհը, հանքի դեմ պայքարողները շարունակում են ակցիան (թարմացված)

«Լիդիանը» բացել է ճանապարհը, հանքի դեմ պայքարողները շարունակում են ակցիան (թարմացված)

17:00 «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցներն ամբողջովին բացել են դեպի Ջերմուկ տանող ճանապարհը։ Epress.am֊ի թղթակիցը զրուցել է դեպի Ամուլսարի հանք տանող մուտքերը փակած Ջերմուկ խոշորացված համայնքի բնակիչների հետ, որոնք պնդել են, որ շարունակելու են իրենց ակցիան մինչև «Լիդիան Արմենիան» չհայտարարի աշխատանքները դադարեցնելու որոշման մասին։ Այս պահին հանքի տարածքում գործողություններ չեն իրականացվում, չնայած ներսում կա տեխնիկա։

Ջերմուկցիներից մի քանիսը Epress.am֊ի լրագրողին ասել են, որ առավոտից ճանապարհը փակած ընկերության աշխատակիցները իրենց տարածաշրջանից չեն, նրանց չի հետաքրքրում, թե ինչ վնասներ կհասցվեն իրենց հանքի շահագործման պարագայում։ Ջերմուկցիները շարունակում են պնդել, որ թույլ չեն տա հանքի շահագործումը, իսկ նախկինում զանգվածային ակցիաներ չանցկացնելը պայմանավորում են իշխանությունների ճնշմամբ և վախով։

16:20 Քիչ առաջ առանց պետհամարանիշների մեքենա է մոտեցել ակցիայի վայրին, հաստ պարանի միջոցով քաշել է ճանապարհը փակած «Լիդիանի» ՈՒԱԶ֊ներից մեկը, այդպիսով բացելով ճանապարհի մի մասը։ Այս պահին մեքենաները բարձրանում են դեպի Ջերմուկ։

16:00 «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցները շարունակում են փակ պահել Երևան֊Մեղրի մայրուղուց դեպի Ջերմուկ տանող ճանապարհը։ Ինչպես հաղորդում է Epress.am-ի թղթակիցը, իրավիճակը բավական  լարված է․ «Լիդիանի» աշխատակիցների հետ անընդհատ վիճում են դեպի Ջերմուկ ուղևորվող քաղաքացիների հետ, որոնք պահանջում են բացել ճանապարհը, չխանգարել իրենց տեղաշարժին։ «Լիդիանցիները» շարունակաբար պատճառաբանում են, թե Ջերմուկ խոշորացված համայնքի բնակիչներն էլ փակել են դեպի հանք տանող ճանապարհները և իրենք հնարավորություն չունեն աշխատել։ Նրանց հետ վիճող մարդիկ առաջարկում են գնալ և հանքի մոտ ակցիա անել, ոչ թե խանգարել իրենց։ Ոստիկանները մեր թղթակիցն ասել են, որ փորձել են բանակցել ընկերության աշխատակիցների հետ, սակայն վերջիններս հրաժարվել են բացել ճանապարհը։ «Լիդիանցիներն» իրենց ագրեսիվ են պահում, կոպտում են մարդկանց։

14:00 Երևան-Մեղրի միջպետական մայրուղուց դեպի Ջերմուկ տանող ճանապարհն առավոտվանից փակվել է «Լիդիան Արմենա» ընկերության աշխատակիցների կողմից։ Նրանք Epress.am-ի թղթակցին տեղում ասել են, որ ճանապարհը կբացեն միայն այն դեպքում, եթե Ամուլսարի հանքավայրի 4 մուտքերի մոտ 8 օր պահակակետեր ստեղծած ջերմուկցիներն ու նրանց աջակցիները դադարեն շուրջօրյա նստացույցերը և թույլ տան, որպեսզի մեքենաները մտնեն տարածք և հանքավայրի շինարարությունը շարունակվի։

Հակա-ցույցի մասնակցիները հղում են արել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորին, թե հանքի դեմ ակցիաները «սաբոտաժ» են։ «Վարչապետն ասել է՝ թող լինեն ստուգումներ։ Մենք համաձայն ենք, եթե օրինականությունը ստուգվի և պարզվեն խախտումներ, թող պետությունը հարցեր բարձրացնի «Լիդիանի» դեմ։ Այս պահին շինարարությունը օրինական է, իսկ ցույցը այդ օրինական գործունեությանը խոչընդոտում է», — ասել է հակացույցի մասնակիցներից մեկը։

Ցուցարարների մոտ են եկել հանքի դեմ բողոքողները և ասել, որ չեն դադարեցնելու ակցիան, քանի որ ճանապարհ փակողնեը ուղարկվել են «Լիդիանի» կողմից և շահագրգիռ կողմ են։

Դեպքի վայրում կան մոտ 2 տասյնակ ոստիկաններ, սակայն նրանք վեճին առայժմ չեն միջամտում։