Գլխավոր / Մարզեր / Կոյուղաջրերը քաղաք են լցվում․ Մարտունին ուզում է հրաժարվել «Վեոլիա ջրից»

Կոյուղաջրերը քաղաք են լցվում․ Մարտունին ուզում է հրաժարվել «Վեոլիա ջրից»

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքը մտադիր է հրաժարվել «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի ծառայություններից, եթե կոյուղաջրերի խողովակը չկառուցվի։ Քաղաքապետ Արմեն Ավետիսյանը Epress.am֊ի հարցին՝ ինչպես են ջուր մատակարարելու բնաչկությանը, ասել է․ «Էդ երբ «Հայջրմուղը» չէր ներխուժել, «Վեոլիա ջուրը» չէր ներխուժել, մենք ջուր չունեի՞նք։ Ինչպես այն ժամանակ էինք ջուր ունենում, հիմա էլ նույնը կանենք։ Մրցույթ կհայտարարենք, թող գա մի կազմակերպություն, որ բացի շահ հետապնդելուց, նաև ներդրում կանի»,֊ ասել է նա։

Քաղաքապետը նշում է, որ իրենց քաղաքի հարևան Գեղահովիտ համայնքն ավելի բարձրադիր է, չունի կոյուղու խողովակ և դրա պատճառով կոյուղաջուրը Գեղահովիտից լցվում է Մարտունի։

Խողովակի կառուցման հարցը քաղաքապետը ներկայացրել է Գեղարքունիքի մարզպետարանում և Ջրային տնտեսության պետական կոմիտեում։ Նա առաջարկել է երկու տարբերակ՝ կամ պետք է խողովակը կառուցելու պայմանագիր կապեն և վերանորոգում անեն, կամ Մարտունին կհրաժարվի «Վեոլիա ջրից»։

Արմեն Ավետիսյանը այն տպավորությունն ունի, որ Ջրային տնտեսությունը իր վրա կվերցնի շինարարության ծախսերը, քանի որ, ըստ նրանց, ֆրանսիական ընկերության հետ պայմանագիրը կապիտալ շինարարության պահանջ չի դնում։

«Քաղաքացին գալիս է քաղաքապետարան, ոչ մարզպետարանի տեղը գիտեն, ոչ ջրային կոմիտեի, ի՞նչ պատասխանեմ ես մեր քաղաքացիներին»,֊ ասել է Արմեն Ավետիսյանը։

Ըստ քաղաքապետի՝ մարզպետը հարցը ներկայացնելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նա ասելու է վերջին խոսքը։

«Վեոլիա ջուր» ընկերությունից խոստացել են հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումը Еpress.am֊ին հայտնել երկուշաբթի։