Գլխավոր / Ազգային ժողով / Ամուլսարի հանքը և տեղի օլիգարխը․ ինչ են պատմում Ջերմուկում

Ամուլսարի հանքը և տեղի օլիգարխը․ ինչ են պատմում Ջերմուկում

Թե ինչու Աշոտ Արսենյանը հանկարծ հիշեց հանքի մասին

«Ամուլսարի թեմայով էնքան փող են կերել, որ դժվար են գլուխ բերելու հանքի փակումը։ Հենց հիմա հանքի դեմ խոսացողներից մեկը՝ Արսենյանը, միլիոններ ա ստացել «Լիդիանից», նույն քաղաքապետն (Վարդան Հովհաննիսյան-խմբ․) ա ստացել։ Իրանք իրանց փողերը վեկալին, ժողովրդին գցեցին կրակը»։ Ջերմուկում Ամուլսարի շահագործմանը դեմ արտահայտվողները կասկածանքով են վերաբերվում տեղացի միլիոնատեր, օլիգարխ Աշոտ Արսենյանի (առավել հայտնի Քլոս մականունով) շահագրգռվածությանը՝ հանքի փակման հարցում։

Արդեն 9 օր շարունակ փակ են դեպի Ամուլսարի հանքը տանող 4 ճանապարհները։ Ջերմուկի խոշորացված համայնքի և այլ բնակավայրերի բնակիչները հերթափոխով հսկում են դրանք։ Մարդիկ պահանջում են դադարեցնել շինաշխատանքները, քանի դեռ հանքը ստուգող հանձնաժողով չի կազմավորվել և խնդիրն օրենքի շրջանակներում չի լուծվել։ Վաղը Երևանից Ջերմուկ զորակցության ավտոերթ է կազմակերպվում, տասնյակ մարդիկ միանալու են Ամուլսարի հանքի դեմ պայքարողներին։

Երեկ կեսօրին հանքի ճանապարհը փակած ցուցարարներին հերթական անգամ մոտեցել է Արսենյանը և հրավիրել հանդիպման։ Ցուցարարներից մի քանի հոգի են միայն գնացել, մնացածները պնդել են, որ նրա հետ խոսելու բան չունեն։ Փակ հանդիպման ժամանակ, դրա մասնակիցներից մեկի խոսքով, Արսենյանը համոզել է, որ բացեն ճանապարհը, և, ինչպես ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սպասեն ստուգումներին։ Երեկ գիշերը Արսենյանը քաղաքապետի և ոստիկանապետի հետ միասին նորից այցելել է ցուցարարներին, սակայն նրանք մերժել են ընդունել նրանց պահանջը։

«Ջերմուկ գրուպի» սեփականատեր Աշոտ Արսենյանը երկար տարիներ եղել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, սակայն ոչ մի անգամ ԱԺ ամբիոնից հարց չի բարձրացրել հանքի փակման դեմ։ Թե ինչու է հիմա Արսենյանը այդքան ակտիվացել, տեղացիներն ունեն իրենց բացատրությունը։

«Դե որ Քլոս ասում են, հենց այնպես չեն ասում», ֊ մեր զրուցակիցը պատմեց, որ խորհրդային տարիներին կար «Հանս Քլոս» անունով ֆիլմ։ Ֆիլմի հերոսը շատ խորամանկ մարդ էր, և նրա «պատվին» Արսենյանին սկսել են այդպես անվանել։

«Հարմար ժամանակ օգտագործեց։ Համ ուզում ա փրկի իր գործարանը, դե որ բնությունը աղտոտվի, ո՞վ կառնի Ջերմուկի ջուրը, մի կողմից էլ Նիկոլի աչքն ա ուզում մտնի, յանի նայեք, ես Նիկոլի ասածի պես ցուցարարներին համոզում եմ, որ բացեն ճամփեքը, որ յանի ես ձերոնքական եմ, Նիկոլ․․․ Քլոսը Մանվելի դեպքից հետո վախեցել է, քանի որ իր վրա էլ շատ գործեր կան։ Հիմա էլ նիկոլական է խաղում», ֊ նշել է մեր զրուցակիցը, որը չի ցանկացել ներկայանալ։

Ջերմուկցիները պատմում են, որ Արսենյանը փակ զրույցներից մեկի ժամանակ բառացի ասել է, որ «Սերժը բկիս էր դրել, չէի կարող հանքին դեմ գնալ»։

Նշենք, որ նախօրերին Արսենյանը հայտարարություն տարածեց, որ դուրս է գալիս ՀՀԿ կուսակցությունից և խմբակցությունից։

Նա իր որոշումը հիմնավորել է Ամուլսարի հանքի հարցի քննարկումներն ավելի անկաշկանդ մթնոլորտում անցկացնելու անհրաժեշտությամբ. «Ես՝ որպես Վայոց Ձորի մարզից ընտրված պատգամավոր, անհանգստանալով ստեղծված իրավիճակից, մի քանի անգամ հանդիպում եմ ունեցել ճանապարհը փակած քաղաքացիների հետ, խնդրել, հորդորել եմ, որպեսզի չխոչընդոտեն հանքի աշխատանքներին։ Ինչպես տեղյակ եք, արդեն վարչապետի որոշմամբ աշխատանքային խումբ է ստեղծվել հանքի շուրջ ստեղծված հարցի լուծման համար։

Սակայն բողոքի ակցիայի մասնակիցները որևէ կերպ չեն համաձայնել առաջարկվող պահաջներին։ Ես կարծում եմ, որ երկկողմանի բանակցություններին խոչընդոտում է նաև այն հանգամանքը, որ ես հանդիսանում եմ Հանրապետական կուսակցության անդամ և ՀՀԿ խմբակցության պատգամավոր։ Ուստի, որպեսզի այս հարցը քննարկվի ավելի անկաշկանդ մթնոլորտում, առաջիկայում լուծում գտնվի հանքի աշխատանքների չխոչընդոտման համար, ես որոշում եմ կայացրել հրաժարվել Հանրապետական կուսակցության և խմբակցության անդամ լինելուց, մնալ անկախ պատգամավոր, որպեսզի քաղաքացիների հետ անկաշկանդ բանակցությունների շնորհիվ կարողանանք ճիշտ լուծում գտնել»,-ասվում է նրա հայտարարության մեջ։

Բողոքողներն, իրենց հերթին, վճռական են տրամադրված․ այլ տարբերակ, քան հանքի փակումը չեն տեսնում։

«Միշտ էլ կային հանքին դեմ տրամադրություններ, բայց քանի որ նախորդ իշխանությունները դրել էին դրվածք, որ ժողովուրդը իրավունք չունի որոշի իր ապրելակերպը, մարդիկ վախենում էին արտահայտել իրենց բողոքը», ֊ ասել է մեզ հանքի դեմ պայքարողներից ջերմուկցի Շիրակ Բունիաթյանը։

Նիկոլ Փաշինյանին դավաճանածները՝ ըստ Լիդիանի

Երեկ առավոտվանից մի քանի ժամով «Լիդիան Արմենիա»-ի աշխատակիցները փակել էին դեպի Ջերմուկ համայնք տանող մայրուղին։ Նրանք պահանջում էին, որ բացվեն հանք տանող ճանապարհները, որ իրենք կարողանան գնալ հանքում աշխատելու։ Ճանապարհը փակել էին «Լիդիան Արմենիա» ընկերությանը պատկանող մեքենաներով։ Մեքենաների վրա կային ընկերության տարբերանշանները։

Ջերմուկցիներից մեկի խոսքով՝ առավոտյան ընկերության ղեկավարությունն ասել է, որ աշխատակիցներին տանում են Վայք ժողովի, սակայն երբ հասել են Երևան-Մեղրի ճանապարհին մեքենաների վարորդներին հրահանգվել է անջատել մեքենաների շարժիչները և փակել ճանապարհը։

«Նիկոլ Փաշինյանի պահանջը չկատարելու համար ենք փակել ճանապարհը․․․ Եթե Կառավարությունը ասի, որ հանքը վնաս է, մենք մեր փասա-փուսեքը կհավաքենք, կգնանք․․․ Իրանք՝ հանքի ճանապարհները փակողները, չեն հարգում Նիկոլ Փաշինյանին։ Ես գիտեի, թե Փաշինյանին հարգում են 100 տոկոս, պարզվում է, որ արդեն 98 տոկոս», — ասել է «Լիդիանի» աշխատակիցներից մեկը։

Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը հանքի դեմ պայքարողներին առաջարկել էր դադարեցնել ճանապարհ փակելով խնդրի լուծման փորձերը՝ ասելով, որ դա կարող է սաբոտաժ դիտարկվել այն պարագայում, երբ կառավարությունը զբաղվում է հարցով։

Հանքի դեմ արտահայտվողները, սակայն, կարծում են, որ հիմնական սաբոտաժն արել են ոչ թե իրենք, այլ հակացույցի մասնակիցները։ Նրանք ընդգծում են, որ իրենք ոչ թե միջպետական կամ միջհամայնքային ճանապարհ են փակել, այլ դեպի հանք տանող ճանապարհները, քաղաքացիների տեղաշարժին չեն խանգարում, իսկ «Լիդիանը» մի քանի ժամ անընդմեջ փակ էր պահում դեպի Ջերմուկ տանող ճանապարհը։

Ջերմուկցիները մեզ հետ զրույցում ասել են, որ նրանք, ովքեր առավոտվանից փակել էին հանքի ճանապարհը, հիմնականում տեղացիներ չեն, այլ բարձր աշխատավարձով այլ տեղերից եկած աշխատողներ․ «Իրանց համար աշխատանք ա, բայց իմ էրեխու օդն ա փչացնում, առողջությունն ա վնասում»։

Ջերմուկ արդեն մարդ չի գալիս

Հանքը դեռ չի շահագործվում, ընթանում են նախապատրաստական աշխատանքներ, սակայն ջերմուկիցները բողոքում են, որ արդեն իսկ նվազել է զբոսաշրջիկների հոսքը։ Տարվա այս երեք ամիսները Ջերմուկի համար ամենաեռուն շրջանն է։

«Ինչ ա՝ լսել են, որ հանք պետք ա բացեն, արդեն մարդիկ վախենում էլ են Ջերմուկին մոտ գան», ֊ ասում է մոտ 30 տարեկան մի երիտասարդ։

Զբոսաշրջիկների թվի նվազումը կտրուկ ազդում է մարդկանց սոցիալական պայմանների վրա․ մարդիկ տներն են վարձով տալիս, խոտաբույսեր և մեղր են վաճառում, և այժմ եկամուտները նվազել են։

Ջերմուկում բողոքում են նաև փոքր բիզնեսի ներկայացուցիչները։ Նրանք հասկանում են, որ հանքը ժամանակավոր է, իսկ այս տարածաշրջանում կարելի է երկրատև բիզնես ծրագրեր կազմել։