Գլխավոր / Ազգային ժողով / Գագիկ Ծառուկյանը և նրա մտերիմը ծեծել են 50-ամյա քաղաքացու․ ոստիկանություն

Գագիկ Ծառուկյանը և նրա մտերիմը ծեծել են 50-ամյա քաղաքացու․ ոստիկանություն

ԱԺ օլիգարխ պատգամավոր, Հայաստանի օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) նախագահ Գագիկ Ծառուկյանը և նրա անվտանգության ղեկավար, ՀԱՕԿ նախագահի օգնական Էդուարդ Բաբայանը հուլիսի 2-ին Դավթաշեն վարչական շրջանում գործող «Օլիմպավան» մարզասրահում ծեծել են Երևանի բնակիչ, 50-ամյա մի տղամարդու, որը ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։

«Նախնական տվյալներով՝ տուժողին մարմնական վնասվածքները պատճառվել են Երևանի Դավթաշեն վարչական շրջանում գործող «Օլիմպավան» մարզասրահում հուլիսի 2-ին տեղի ունեցած միջադեպի ժամանակ»,- իր հերթին, նշում է Քննչական կոմիտեն։

Ոստիկանությունն ընդգծում է, որ, ըստ տուժողի հաղորդման, իրեն հարված է հասցրել Գագիկ Ծառուկյանը, ապա ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Բաբայանն ու ևս մեկ անձ, որի ինքնությունը պարզվում է։

Միջադեպին ներկա են գտնվել Արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը։

«Տուժողի խոսքով՝ որդին, որը Ռուսաստանի քաղաքացի է, բռնցքամարտիկ է, աշխարհի չեմպիոն։ Հաղթանակների դիմաց Գագիկ Ծառուկյանը պարգևներ է խոստացել, սակայն որդին Հայաստանի քաղաքացիություն ստանալուց հետո հետախուզվում է՝ ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու մեղադրանքով», -նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը)։ Էդուարդ Բաբայան ձերբակալվել է։