Home / Առողջապահություն / Աջակցություն Ամուլսարի հանքի դեմ պայքարողներին․ ԱՄՆ անկախության տոնին՝ կանաչ ժապավեններով

Աջակցություն Ամուլսարի հանքի դեմ պայքարողներին․ ԱՄՆ անկախության տոնին՝ կանաչ ժապավեններով

Հուլիսի 3-ին ԱՄՆ անկախության տոնի կապակցությամբ Երևանում ԱՄՆ դեսպանատուն հրավիրված մի խումբ հայաստանյան իրավապաշտպաններ, լրագրողներ և հանրային գործիչներ ձեռքերին կապած կանաչ ժապավեններով են ներկայացել՝ ի նշան աջակցության Ամուլսարի հանքի դեմ պայքարողների։

ԱՄՆ դեսպանատան տոնակատարության կազմակերպման հովանավորներից մեկը՝ «Լիդիան Արմենիա» ընկերությունն էր, որը ցանկանում է շահագործել Ամուլսարի հանքը։ Նշենք, որ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն իր հրապարակային ելույթներում աջակցություն է հայտնել Ամուլսարի հանքի շահագործման ծրագրին՝ համարելով դա պատասխանատու հանքարդյունաբերության օրինակ։

Ավելի վաղ հանրային գործիչները հայտարարություն էին տարածել՝ առաջարկելով միանալ իրենց․ «ԱՄՆ դեսպանատունը հուլիսի 3-ին Երևանում տոնակատարություն է կազմակերպում ԱՄՆ անկախության 242-րդ տարեդարձի առիթով: Մենք՝ մի խումբ հայաստանյան իրավապաշտպաններ, լրագրողներ և հանրային գործիչներ, շնորհավորում ենք ԱՄՆ ժողովրդին անկախության տոնի կապակցությամբ:

Միաժամանակ հայտարարում ենք, որ այդ օրը կրելու ենք կանաչ ժապավեններ: Դրանով մենք հաստատում ենք մեր դիրքորոշումն առ այն, որ Ամուլսարում հանքարդյունաբերությունն անթույլատրելի է՝ Հայաստանի ջրերի աղտոտման մեծ ռիսկի և աղտոտման դեպքում Հայաստանի ժողովրդին լուրջ առողջապահական, բնապահպանական և ֆինանսական ահռելի վնասներ հասցնելու պատճառով:

Հայաստանի ժողովրդի անկախ կամարտահայտումը և սեփական երկրի առողջ կենսամիջավայրի քաղաքական պաշտպանությունը չունի այլընտրանք: Հայաստանի նախկին կոռումպացված իշխանական ռեժիմների թողտվությամբ Ամուլսարի տարածքը հանք դարձնելու որոշումը անօրինական է։ Մենք կոչ ենք անում ԱՄՆ դեսպանին աջակցել Հայաստանի ժողովրդին և քաղաքացիական հասարակությանը՝ Ամուլսարում հանքարդյունաբերությունը կասեցնելու կարևոր պայքարում:

Կրելով կանաչ ժապավեններ՝ մենք միանում ենք ԱՄՆ ժողովրդի անկախության տոնակատարությանը և պաշտպանում Ամուլսարը սար թողնելու Հայաստանի ժողովրդի պահանջը»:

Երեկ հայտարարությանը միացած մարդիկ ցանկացել են այն հանձնել ԱՄՆ դեսպանին, սակայն դեսպանատան մուտքի մոտ նրանց ասել են, որ գոյություն ունի նման փաստաթղթերի հանձնման արարողակարգ և այն հնարավոր չէ հանձնել դեսպանին տոնակատարության ժամանակ։ «Կանանց ռեսուրսային կենտրոնի» համանախագահ, իրավապաշտպան Լարա Ահարոնյանն ԱՄՆ դեսպանատան ներկայացուցչի հետ նշել է, որ հայտարարության միացած մարդիկ համարում են, որ միայն տեղի բնակչությունն է իրավասու որոշում կայացնել հանքի լինել֊չլինելու վերաբերյալ։ Նա ընդգծել է, որ Ամուսլարի հանքի հարակից բնակավայրերի բնակիչները դեմ են հանքը շահագործելու նախագծին, այն լուրջ բնապահպանական վտանգներ է պարունակում։ ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչը, իր հերթին, ասել է, որ իրենք կողմ են պատասխանատու հանքարդյունաբերությանը և նշել, որ ԱՄՆ դեսպանը պատրաստ է հանդիպել հանրային գործիչներին և լսել նրանց կարծիքը։

Հայտարարությանը միացածները զրույցից հետո կանաչ ժապավեններով մտել են դեսպանատուն։