Գլխավոր / Ոստիկանություն / Սերժ Սարգսյանի մտերիմ գործարարին մեղադրում են ինքնիրավչության մեջ

Սերժ Սարգսյանի մտերիմ գործարարին մեղադրում են ինքնիրավչության մեջ

Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մտերիմ գործարար, «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանին`բռնության գործադրմամբ, դրա գործադրման սպառնալիքով ինքնիրավչության համար։

Համաձայն պաշտոնական հաղորդագրության, Բարսեղ Բեգլարյանի որդուն՝ Ն․Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ Մոտորս» ընկերությունից 2015թ. ընթացքում իրականացվել է առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն, որի կատարման մեջ ընկերության սեփականատերն ու հարազատները մեղադրել են ընկերության նախկին կոմերցիոն տնօրենին և պահանջել վերականգնել ենթադրաբար պատճառված գույքային վնասը։

«Բարսեղ Բեգլարյանը հարազատների հետ միասին ընկերության նախկին կոմերցիոն տնօրենին մեղադրել է յուրացումներ կատարելու մեջ, բռնության գործադրմամբ, ինչպես նաև կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել որպես վնասի փոխհատուցում անվանափոխել Երևան քաղաքի Ազատության պողոտայում գտնվող վերջինիս բնակարանը կամ վճարել 20.000 ԱՄՆ դոլար: Արդյունքում՝ նախկին կոմերցիոն տնօրենը, Բարսեղ Բեգլարյանի ուղղորդմամբ, բնակարանը 2016 թվականի ապրիլի 25-ին գրավադրել է բանկում, իսկ գրավի 9.700.000 ՀՀ դրամը փոխանցել է ընկերությանը:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով (ինքնիրավչությունը, որը կատարվել է բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով)», ֊ նշում է Քննչական կոմիտեն: