Գլխավոր / Ոստիկանություն / Գագիկ Ծառուկյանի մտերիմը կալանավորվեց

Գագիկ Ծառուկյանի մտերիմը կալանավորվեց

ԱԺ օլիգարխ պատգամավոր, Հայաստանի օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) նախագահ Գագիկ Ծառուկյանի մտերիմը և ՀԱՕԿ նախագահի օգնական Էդուարդ Բաբայանին մեղադրանք է առաջադրվել Վյաչեսլավ Հարությունովին «խմբի կազմում հարվածներ հասցրելու և դիտավորությամբ կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս հասցրելու» համար։ Բաբայանը կալանավորվել է։ Այս մասին հայտնում է Հատուկ քննչական կոմիտեն։

«Վյաչեսլավ Հարությունովի որդին 2012 թվականին տեղի ունեցած բռնցքամարտի աշխարհի առաջնությունում ներկայացնելով Հայաստանի Հանրապետությունը` դարձել է աշխարհի չեմպիոն, որով պայմանավորված` Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը Վյաչեսլավ Հարությունովին խոստացել է օժանդակել նրա որդուն ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում:

2018 թվականի հուլիսի 2-ին` «Օլիմպավան» մարզահամալիրում, Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ տեղի ունեցած Հայաստանի բռնցքամարտիկների ֆեդերացիայի ժողովի ավարտից հետո` ժամը 18:30-ի սահմաններում, Վ. Հարությունովը մոտեցել է Գագիկ Ծառուկյանին` կրկին հիշեցնելով որդու հարցը կարգավորելու վերաբերյալ նախկինում նրա տված խոստումը: Խոսակցությունը շարունակվել է մարզահամալիրի հանդիպումների դահլիճում, որտեղ, Էդուարդ Բաբայանը` խմբով, Վ. Հարությունովին մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ, հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին` վերջինիս պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս` գլխուղեղի ցնցման, դեմքի և կրծքավանդակի վնասվածքների, կողոսկրի կոտրվածքի և աջակողմյան պնևմոթորաքսի ձևով` ուղեկցված սուր շնչառական անբավարարությամբ», -նշված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ՝ոստիկանության հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշված էր, որ, ըստ տուժողի հաղորդման, իրեն հարված է հասցրել Գագիկ Ծառուկյանը, ապա ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Բաբայանն ու ևս մեկ անձ, որի ինքնությունը պարզվում է։