Գլխավոր / Մեդիա / Երևանի քաղաքապետը լքեց պաշտոնն իր դեմ ակցիաների մեկնարկից 2 ամիս անց

Երևանի քաղաքապետը լքեց պաշտոնն իր դեմ ակցիաների մեկնարկից 2 ամիս անց

Երևանի քաղաքապետը հայտնել է պաշտոնից հրաժարվելու մասին։ Տարոն Մարգարյանն իր՝ երևանցիներին ուղղված ուղերձում շնորհակալություն է հայտնում համագործակցության և համատեղ աշխատանքի համար։

«Շնորհակալությունս եմ հայտնում Երևանի ավագանու իմ գործընկերներին, Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերին, գործընկեր կառույցներին և անհատներին՝ համատեղ աշխատանքի ու միասին անցած ուղու համար», — ասված է ուղերձում։

Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջով ակցիաները մեկնարկել ին դեռևս մայիսին։

Ի թիվս այլ չարաշահումների, բողոքողները բարձրացնում էին Մաշտոցի պողոտա-Սարյան փողոց հատավածում գտնվող պուրակի հարցը։

Հունիսի 25-ին քաղաքապետարանի մուտքն արգելափակվել էր FACT TV-ի տեսանյութի հրապարակումից հետո, որը պատմում է Մարգարյանի գործունեության կոռուպցիոն դրսևորումների մասին։

Մարգարյանի դեմ բողոքի ալիք էր բարձրացել նաև թավշյա հեղափոխությունից առաջ, երբ փետրվարին Երևանի ավագանու ընդդիմադիր «Երկիր Ծիրանի» խմբակցությունը խոսել է Նուբարաշենի կոյուղու խնդրի մասին։ Մարինա Խաչատրյաննը ՀՀԿ֊ական արդեն նախկին քաղաքապետի սեղանին էր մոտեցրել Նուբարաշենի կոյուղուց բերված տիղմն ու կեղտը։ Քաղաքապետն այդ պահին հրահանգել է՝ «դեմն առ, շուշուտ», հանրապետականներն այդպես էլ վարվեցին, դեմն առան և փորձեցին տարաները խլել, որի հետևանքով կեղտն ու տիղմը թափվել է քաղաքապետի սեղանի դիմաց։ Ավագանու հանրապետական անդամները սկսել են վիրավորել Խաչատրյանին՝ «տխմար», «հիմար», ապա անցել ֆիզիկական բռնության՝ հարվածել են ու մազերից քաշել։