Գլխավոր / Ազգային ժողով / Երևանի ավագանին հաջորդ շաբաթ կփորձի նոր քաղաքապետ ընտրել

Երևանի ավագանին հաջորդ շաբաթ կփորձի նոր քաղաքապետ ընտրել

Երևանի ավագանին այսօր որոշում է կայացրել քաղաքապետի ընտրություններն անցկացնել հուլիսի 16-ին։ Առաջարկին կողմ են քվեարկել 35 ավագանու անդամ՝ ՀՀԿ֊ից, 11 ավագանի դեմ է քվեարկել։ «Ելք» և «Երկիր Ծիրանի» խմբակցությունները դժգոհ են մնացել այդ որոշումից։

Հուլիսի 9-ին հրաժարական է տվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը․ Ավագանիում մեծամասնություն ունեցող ՀՀԿ֊ն որոշել է ընտրություններն անցկացնել որքան հնարավոր է շուտ։ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը հայտարարել է, որ ներկայիս ավագանիում ՀՀԿ֊ն ապօրինաբար է մեծամասնություն ստացել և նման կազմով չի կարելի նոր քաղաքապետ ընտրել։ Նա կողմ է եղել ավագանու լուծարմանը և արտահերթ ընտրությունների անցկացմանը։

Արտահերթ ընտրություններ ամեն դեպքում կարող են անցկացվել, եթե Ավագանուն հուլիսի 16-ին չհաջողվի քաղաքապետ ընտրել։ Հենց այդ փաստից էլ դժգոհել է «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, որն առաջարկել է քաղաքապետի ընտրություններն անցկացնել օգոստոսի 8-ին։ Այդ առաջարկը մերժվել է։ Խաժակյանը նշել է, որ եթե հուլիսի 16-ին ներկայիս ավագանու անդամներից մեկը քաղաքապետ չընտրվի, ապա ավագանու ընտրությունները, ըստ օրենքի, պետք է անցկացվեն օգոստոսին։

Այդ դեպքում էլ, «Ելքի» ներկայացուցչի պնդմամբ, դժվար է լինելու կազմակերպել նախընտրական և ընտրական գործընթացը՝ արձակուրդների պատճառով փակ են դպրոցները, տպարանները։

Ըստ Խաժակյանի՝ եթե քաղաքապետի ընտրությունների օր սահմանվեր օգոստոսի 8-ը, ապա ավագանու արտահերթ ընտրությունները կկայանային սեպտեմբերին։