Home / Վերլուծություն / Գյանջայի սպանությունները՝ իշխանությունների սադրանք

Գյանջայի սպանությունները՝ իշխանությունների սադրանք

Թորգուլ Հաբիբով, Մեյդան Թի֊վի

Հուլիսի 10-ին ադրբեջանական Գյանջայում բողոքի ցույց է անցկացվել՝ կապված քաղաքի ղեկավար Էլմար Վելիևի դեմ կատարված մահափորձի հետ։ Ակցիան կազմակերպվել էր Facebook սոցիալական ցանցի միջոցով։ Կազմակերպիչները պնդում էին, որ Վելիևի դեմ մահափորձը պատասխան էր նրա ամենաթողությանը․ նրանք պահանջում էին Գյանջայից վտարել արտասահմանում բուժվող ղեկավարի ընտանիքը։ Ակցիային չեն աջակցել Ադրբեջանի առաջատար ընդդիմադիր ուժերը։

Ադրբեջանի ուժային մարմինների հաղորդագրության համաձայն, հակաօրինական գործողությունների մասնակիցները՝ արմատական տրամադրված մոտ 200 անձ, հավաքվել են Գյանջայի քաղաքապետարանի դիմաց։ Նրանք անտեսել են ոստիկանների՝ ցրվելու վերաբերյալ պահանջները և դիմադրություն են ցույց տվել։

«Անօրինական գործողությունների կասեցման ընթացքում սուր կտրող֊ծակող գործիքներից հասված հարվածների հետևանքով մահացել են Գյանջայի բարձրաստիճան երկու ոստիկաններ՝ գնդապետ Իլգար Բալաքիշիևը և գնդապետ֊լեյտենանտ Սամեդ Աբասովը։ Բերման է ենթարկվել 40 մարդ, մնացածը փախուստի են դիմել։ Կես ժամվա ընթացքում Գյանջայի կենտրոնում կարգուկանոնը վերականգնվել է», ֊ ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։

Մի շարք իշխանամետ ԶԼՄ֊ներ հայտնում են, որ տեղի ունեցածը կազմակերպվել է ուժերի կողմից, որոնք տենչում են ապակայունացնել իրավիճակը երկրում, հասնել ժողովրդի և իշխանությունների հակամարտությանը։

Տեղի ունեցածը կասկածների և հարցերի տեղիք է տալիս հետևյալ պատճառներով․

– Ավանդական ընդդիմությունը շատ ավելի զանգվածային հանրահավաքներ է անցկացրել, որոնց ընթացքում ոչ մի ոստիկան չի տուժել, առավել ևս՝ սպա։ Իսմայիլիում և Գուբայում զանգվածային անկարգությունների ճնշման ժամանակ ոչ մի ոստիկանության աշխատակից չի մահացել կամ ծանր վնասվածք չի ստացել։ Ինչի՞ մասին է դա վկայում։

– Գյանջայում փոքրածավալ ակցիային մասնակցել է 200 մարդ, սպանվել է 2 ոստիկան։ Չնայած այն փաստին, որ նախապես տեղեկություն է եղել ակցիայի կայանալու տեղի և ժամի մասին, իսկ իրավապահները հնարավորություն են ունեցել լավ պատրաստվել, այդ թվում՝ Արագ արձագանքման գնդի ներկայացուցիչներին բերել։ Եվ ուրեմն՝ ինչո՞ւ են կորուստներ եղել ակցիայի ճնշման գործողության ժամանակ։

– Որքա՞ն իրավապահ է մասնակցել գործողությանը։

֊ Չկա ոչ մի հաղորդում վիրավոր ոստիկանների մասին, որոնք ցրում էին ակցիան։ Արդյոք դա տարօրինակ չէ։

– Ինչո՞ւ ոստիկանները չեն կարողացել պաշտպանել իրենց ղեկավարներին։

֊ Արդյոք դա նշանակում է, որ բողոքի ակցիայի մասնակիցների թվում կային անձինք, ովքեր կենտրոնացած էին հենց այդ մարդկանց սպանելու վրա։

֊ Ովքե՞ր կարող են լինել արմատական տրամադրված այն մարդիկ, որոնք պատրաստ էին «յուրայինների, գյանջեցիների» սպանությանը։

֊ Սովորաբար իրավապահները նախապես ձերբակալում են արմատականներին և ակցիաների կազմակերպիչներին։ Ինչո՞ւ այս անգամ դա չի արվել։

֊ Արմատականները սովորաբար հաշվառված են ոստիկանությունում, հատուկ ծառայություններում, այդ իսկ պատճառով նրանց հեշտ է բերման ենթարկել։ Ինչո՞ւ իրավապահ մարմինները, որոնք սովորաբար աջ ու ձախ ձերբակալում են մեղավորներին և անմեղներին, նման զարմանալի անգործողություն են դրսևորել՝ չձերբակալելով մարդկանց, որոնք ունակ էին հանցագործության։

Անգամ եթե արմատականներին հնարավոր չի եղել բերման ենթարկել նախօրոք, ինչո՞ւ դա չի արվել ակցիայի ընթացքում։

֊ Ինչու են ակցիայի մասնակիցների դիմաց դուրս եկել պաշտպանական միջոցներ չունեցող ոստիկանության ղեկավարները, այլ ոչ թե սաղավարտներով և զրահաբաճկոններով ոստիկանները։

֊ Բարձաստիճան ոստիկանները մահացել են վնասվածքներից, չնայած դրանք հրազենային չէին։ Արդյոք նրանց ժամանակին և որակյալ օգնություն են ցույց տվել։ Եթե ոչ, ապա ինչո՞ւ։

֊ Մահացածներից մեկը՝ Սամեդ Աբասովը, Գյանջայի ամենահայտնի կրոնական գործիչներից մեկի՝ հաջի Թահիր Աբասովի հարազատ եղբայրն է։

֊ Մյուս սպանվածը՝ Իլգար Բալաքիշիևը, նյունպես Գյանջայից է, հայտնի է քաղաքում, հարգանք է վայելում անգամ այն մարդկանց շրջանում, որոնք իշխանությունների դեմ են տրամադրված։ Ազնիվ բարձրաստիճան ոստիկանի համբավ ուներ, ինչը մեր ժամանակներում քիչ է հանդիպում։

֊ Ինչու են հենց նրանց վրա հարձակվել ակցիայի մասնակիցները, այլ ոչ թե Էլմար Վելիևի շրջապատից ոստիկանների, որոնց գործողությունները քաղաքի բնակիչների ատելությունն են առաջացնում։

֊ Էլմար Վելիևի բարեկամները և մտերիմները դաժան ծեծի են ենթարկել Վելիևի վրա հարձակված Յունիս Սաֆարովին, ապա նրա լուսանկարները տարածել են սոցցանցերով։ Ի՞նչ նպատակով է դա արվել։

֊ Ամեն դեպքում տեղի ունեցի համար պատասխանատվությունը ամբողջովին իշխանությունների վրա է ընկնում, որոնք բացարձակապես հաշվի չեն նստում քաղաքացիների կարիքների և կարծիքի հետ։ Վերոնշյալից կարող ենք հետևություն անել, որ տեղի ունեցածը իշխանությունների կողմից արված սադրանք է։

Այս հետևությունը հաստատում են նաև ընդդիմադիր «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլիի խոսքերը․ «Ակնհայտ է, որ փորձ է արվում քաղաքական պայքարը դուրս բերել խաղաղ դաշտից»։

Դատելով ամենից՝ հենց դա են ցանկանում անել իշխանությունները, որպեսզի լավ պատճառ ունենան դիմել բռնաճնշումների՝ խեղդելով երկրում առկա դժգոհությունը, որի պատճառներից են, օրինակ, բամբակի դաշտերում թունավորումները, Մինգեչաուրի ՋԷԿ֊ում տեղի ունեցած վթարի պատճառով երկրի ջրազրկումը։ Դա ևս մեկ փորձ է բարեփոխումներ իրականացնելու փոխարեն ուժային մեթոդներով ճնշել աճող բողոքը երկրում առկա համակարգային ճգնաժամի պայմաններում։