Home / Ոստիկանություն / Ինչպես էր Սերժ Սարգսյանի եղբորորդին ստիպում հրաժարվել բիզնեսից

Ինչպես էր Սերժ Սարգսյանի եղբորորդին ստիպում հրաժարվել բիզնեսից

Սերժ Սարգսյանի եղբոր՝ ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Նարեկ Սարգսյանը, 2017 թվականին ծեծի է ենթարկել և խոշտանգել 49-ամյա մի տղամարդու՝ ստիպելով նրան հրաժարվել գիշերային ակումբ բացելու մտադրությունից։ Դեպքի մասին հուլիսի 16-ին հաղորդագրություն է տարածել ոստիկանությունը։

«Նախնական տվյալներով՝ տղամարդը ցանկացել է հիմնել գիշերային ակումբ, ուր պետք է այցելեին արտասահմանցի զբոսաշրջիկներ։ Օգոստոսի կեսերին Նարեկ Սարգսյանի թիկնազորի ղեկավարը՝ Արտեմ Պողոսյանը, նրան հրավիրել է հանդիպման։ Մայրաքաղաքի Թումանյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկում Պողոսյանը այլ անձանց հետ տղամարդուն առևանգել է ու, նրա կամքին հակառակ, տեղափոխել Նարեկ Սարգսյանի բնակության շենքի նկուղ։ Այստեղ տղամարդուն ծեծել են, Սարգսյանը ատրճանակով սպառնացել է, որ կկրակի, ապա գազայրիչով վառել է մարմնի տարբեր մասերը՝ պատճառելով վնասվածքներ։ Այնուհետև նրան տեղափոխել են Նորագավիթում գտնվող «Սկանիա» բեռնատարների սպասարկման սրահի վարչական շենք ու կրկին ծեծել։ Տղամարդուն բաց են թողել, երբ նա հավաստիացրել է, որ գիշերային ակումբների գործունեությամբ այլևս չի զբաղվելու։ Հանցագործության մասին նախկինում չի հայտնվել», ֊ ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ։

31-ամյա Նարեկ Սարգսյանը միջպետական հետախուզման մեջ է, նրա դեմ այլ բողոք էլ է եղել, իսկ նրա անվտանգության ղեկավար 28-ամյա Արտեմ Պողոսյանը կալանավորված է։