Home / Բանակ / Գործը կոծկում են․ փորձաքննությունն ապացուցում է՝ զինվորը չէր կարող ինքնասպան լինել

Գործը կոծկում են․ փորձաքննությունն ապացուցում է՝ զինվորը չէր կարող ինքնասպան լինել

Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկում 2015-ի մայիսի 8-ին մահացած ժամկետային զինծառայող Հարություն Համբարյանի գործի քննության ընթացքում ապօրինությունները շարունակվում են։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը։

Նա ապացուցված է համարում, որ Համբարյանին սպանել են, մինչդեռ գործը քննվում էր ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Զինվորական դատախազ Կարեն Աղաբեկյանը դեռևս 2016-ին քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում էր կայացրել՝ պատճառաբանելով, որ չկան մեղավորներ, անգամ մարդիկ, որոնք Համբարյանին ինքնասպանության են հասցրել։ Հետագայում Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արսեն Սարդարյանը հայտարարել էր, որ քննության ընթացքում խախտվել են տուժողի իրավահաջորդ Հրայր Համբարյանի իրավունքները։ Դատավորը պարտավորեցրել է վարույթն իրականացնող մարմնին վերացնել խախտումները, բայց գործի վերահսկողությունը հանձնարարվել է նույն դատախազին՝ Աղաբեկյանին, ինչը Ռուբեն Մարտիրոսյանը զավեշտ է համարում։

Փորձագետն ընդգծում է, որ այս փուլում շատ ավելի հեշտ է դարձել ապացուցել, թե Համբարյանը ինքնասպանություն չի գործել, քանի որ մի կարևոր փաստաթուղթ է ի հայտ եկել։

«Համաձայն ստացված փորձագիտական եզրակացության, Հարություն Համբարյանի դաստակների վրա չի հայտնաբերվել ո՛չ վառոդի այրված մասնիկներ, ո՛չ վառոդի կիսայրված մասնիկներ, ո՛չ էլ պղնձի մետաղացման հետքեր։ Եթե մարդն ինքն է իր վրա կրակում, ապա այդ հետքերը չեն կարող չառաջանալ, դա ուղղակի հնարավոր չէ։ Սա հաշվի չառնելը՝ բացահայտ հանցագործություն է։ Չկա որևէ փորձագետ, որը կասի, որ հնարավոր է կրակել և խուսափել ձեռքերի վրա նման հետքեր ունենալուց։ Ավելին ասեմ՝ կրակոցի արձակման պահին, ըստ իս, նրա ձեռքերը ինչ֊որ բանով ծածկված են եղել կամ եղել են գրպաններում, այդ իսկ պատճառով պղնձի մետաղացման հետքեր չկան։ Սա հստակ ապացուցում է, որ Համբարյանին սպանել են։ Միայն այս փաստը բավարար է, որ քրեական պատասխանատվության ենթարկվեն անձինք, որոնք այս գործը ներկայացնում են որպես ինքնասպանություն», ֊ ասել է Մարտիրոսյանը։

Նրա համոզմամբ՝ Համբարյանի սպանության գործը շարունակում են կոծկել։ Ավելի վաղ փորձագետը կարծիք էր հայտնել, որ դա արվում է ի շահ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի այն ժամանակվա հրամանատար Մովսես Հակոբյանի ազգականի՝ Սասուն Հակոբյանի։

Մանրամասները՝ այստեղ