Գլխավոր / Ազգային ժողով / ԼԳԲՏՔ+ անձանց ապահով կյանքը պետք է երաշխավորված լինի․ Շուռնուխի դեպքերի գնահատականը

ԼԳԲՏՔ+ անձանց ապահով կյանքը պետք է երաշխավորված լինի․ Շուռնուխի դեպքերի գնահատականը

Հյուման Ռայթս Հաուս Երևան իրավապաշտպան կազմակերպությունների ցանցը մի շարք պահանջներ է ներկայացրել ՀՀ կառավարությանը, իրավապահ մարմիններին, ՄԻՊ գրասենյակին՝ կապված Սյունիքի մարզի Շուռնուխում 9 երիտասարդների վրա հարձակման և դրան հաջորդած իրադարձությունների հետ։

Իրավապաշտպանների հայտարարությունը․

«Օգոստոսի 3-ին Շուռնուխ համայնքում տեղի է ունեցել հարձակում և հետապնդում տեղում հյուրընկալված 9 երիտասարդների, այդ թվում՝ ԼԳԲՏՔ+ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր, քվիր անձանց) շահերի պաշտպանների նկատմամբ, որի հետևանքով նրանցից 6-ը միջին և մանր աստիճանի մարմնական վնասվածնքներ են ստացել։ Միջին վնասվածքներ ստացած երկուսը Հյուման Ռայթս Հաուս Երևան իրավապաշտպան կազմակերպությունների ցանցի անդամ Փինք Արմենիայի աշխատակիցներ են, մեկը խորհրդի անդամ է, իսկ մի քանիսը հանրային շահերի և իրավունքների ակտիվիստներ։

Երիտասարդներից երկուսը իրենց հանրային գործունեության բերումով դեռևս այս տարվա ապրիլի 21-ին այցելել էին Գորիս և այնտեղ ենթարկվել որոշ հոմոֆոբ անձանց թիրախավորման, անգամ մարմնական հարվածներ ստացել։ Այս միջադեպի կապակցությամբ տուժողները Գորիսի ոստիկանությանը հաղորդում են ներկայացրել, որը սակայն որևէ իրավական ընթացք չի ստացել։

Օգոստոսի 3-ին երիտասարդների այցը Շուռնուխ հանրային նշանակություն չի ունեցել, այլ ներխմբային հարցերի քննարկման նպատակ է հետապնդել։ Այդուհանդերձ, Գորիսի մի խումբ հոմոֆոբներ, Շուռնուխ համայնքի որոշ աջակիցների հետ միասին, տեղեկանալով 9 երիտասարդների այցի մասին, նախաձեռնել և կազմակերպել են հարձակում նրանց բնակատեղիի վրա՝ հրահրելով և ներքաշելով համայնքի բնակիչների (այդ թվում՝ անչափահասների) նրանց ենթադրյալ կամ իրական սեռական կողմնորոշման հիմքը շահարկելով։

Հարձակման ժամանակ ներկա է եղել նաև այժմ Գորիսում պաշտոն զբաղեցնող Շուռնուխի նախկին համայնքապետը և նրա բարեկամները, ովքեր երիտասարդներին հյուրընկալող ընտանիքին իրենց քաղաքական ընդդիմախոսն են համարում։ Նախկին համայնքապետի հնարավոր մասնակցությունը միջադեպի կազմակերպմանը իրավապահների բացահայտման կարիքն ունի։ Սակայն օգոստոսի 6-ի դրությամբ քրեական գործ դեռևս հարուցված չէ, հետևաբար հարձակման ենթարկված 9 երիտասարդները դեռևս չեն ճանաչվել տուժող։ Վերջիններիս վկայությամբ տեղի ոստիկանության նախնական արձագանքը միջադեպին եղել է անհամարժեք և դանդաղկոտ, ինչը, սակայն, դրականորեն փոխվել է Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակի հեռախոսազանգի և Երևանից ժամանած Փինք Արմենիայի իրավապաշտպանների այցի շնորհիվ։

Կարևոր ենք համարում ընդգծել, որ ՄԻՊ գրասենյակը ընդհանրացված գնահատականներ է տվել միջադեպին, ինչպես նաև մինչ այժմ չի հանդիպել տուժողներից և ոչ մեկին։

Միջադեպից հետո նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որն անցնելու հնարավորություն ունեցել են ոչ բոլոր տուժողները։ Օգոստոսի 6-ի հերթապահ բժիշկը հրաժարվել է զննել տուժողներից մեկին՝ պատճառաբանելով, որ իրեն չի հասել շտապօգնության գրությունը։ Այնինչ, փաստաբանի կարծիքով, փորձաքննության անցկացման համար բավարար հիմք կարող էր լինել այլ փաստաթղթերի առկայությունը՝ հաշվի առնելով ստացված մարմնական վնասվածքները պատշաճ արձանագրելու հրատապությունը։

Հարձակման միջադեպը ստացել է հանրային լայն արձագանք՝ ավելի մեծ ծավալով բացահայտելով Հայաստանի նախորդ կառավարության կողմից տարիներ ի վեր վարվող այլատյացության խրախուսման քաղաքականության դառը հետևանքները։ Հանրային խոսքի հարթակներ ունեցող ակտիվիստներ, մտավորականներ և պատգամավոր Գևորգ Պետրոսյանը («Ծառուկյան դաշինք» խմբակցություն) չեն խորշել ատելության խոսք ու թշնամանք տարածել ԼԳԲՏՔ+ անձանց և հատկապես նրանց շահերի պաշտպանների հասցեին՝ Հայաստանում նրանց կյանքի և գործունեության համար պայմաններն էլ ավելի դժվարին դարձնելու ռիսկեր առաջացնելով։

Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները՝ ՀՌՀ Երևանը պահանջում է

Հայաստանի նոր կառավարությանից՝ աներկիմաստ ու հստակ դատապարտել ԼԳԲՏՔ+ մարդկանց շահերի պաշտպանների հանդեպ խտրականության հիմքով կազմակերպված հարձակումն ու բռնարարքը;

Հայաստանի իրավապահ մարմիններից՝ բարելավել ԼԳԲՏՔ+ անձանց շահերի պաշտպանության պայմանները և աջակցել իրավապաշտպաններին, մասնավորապես՝ չձգձգել քրեական գործի հարուցման գործընթացը, անհարկի արտոնություններ չտրամադրել հեգնանք և բռնություն գործադրած անձանց, իրականացնել գործի անաչառ ու ամբողջական քննություն, բացահայտել հարձակման կազմակերպիչներին և հրահրողներին;

Ազգային Ժողովից՝ հստակ գնահատական տալ պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հակաօրինական և հակասահմանադրական արտահայտությանը և քայլեր ձեռնարկել նրան մանդատից զրկելու ուղղությամբ;

ՄԻՊ գրաասենյակից՝ հստակեցնել հարձակման դեպքի մասնակիցների գործողությունների նկատմամբ իր գնահատականը և տուժողներին պատշաճ ուշադրության արժանացնել։

ՀՌՀ Երևանը նաև դատապարտում է ապատեղեկատվություն և ատելության խոսք տարածող աղբյուրների կեցվածքը։ Միաժամանակ ՀՌՀ Երևանը կոչ է անում մտահոգ մեդիա ներկայացուցիչներին և հասարակական գործիչներին զերծ մնալ հանրային կարծիքի վրա ունեցած իրենց իշխանությունը չարաշահելուց, հակառակը՝ ջանքեր գործադրել այս զգայուն թեմայի առնչությամբ ատելության խոսքի և բռնության մշակույթի տարածումը հաղթահարելու ուղղությամբ։

ԼԳԲՏՔ+ անձանց հավասար, տեսանելի և ապահով կյանքը, ինչպես նաև նրանց շահերի պաշտպանների գործունեությունը Հայաստանում պետք է լինի պաշտպանված ու երաշխավորված։