Գլխավոր / Ազգային ժողով / Ատելության խոսք պարունակող գրառումից հետո պատգամավորի դեմ ոստիկանություն են դիմել

Ատելության խոսք պարունակող գրառումից հետո պատգամավորի դեմ ոստիկանություն են դիմել

«Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր, Երևանի պետական համալսարանի իրավագիտության դասախոս Գևորգ Պետրոսյանի հրապարակային գրառումների առիթով «Փինք Արմենիա» հասարակական կազմակերպությունը ոստիկանություն հաղորդում է ներկայացրել։ Կազմակերպությունը նշում է, որ գրառումներին պետք է քրեաիրավական որակում տրվի և դեպքը պատշաճ քննության առնվի: Ատելության խոսք պարունակող իր գրառման մեջ Պետրոսյանը կոչ էր արել Հայաստանից վտարել սեռական, կրոնական փոքրամասնություններին և նրանց պաշտպաններին․ «Չգիտեմ՝ ինձ ով կմեղադրի և ինչքան, բայց վայրկյան առաջ պետք ա մեր Սուրբ հողից համատեղ ջանքերով դուրս մղենք (մեղմ եմ ասում) համասեռամոլներին, աղանդավորներին և նրանց պաշտպաններին…»։

«Իր հայատրարաությամբ Գևորգ Պետոսրյանը չարաշահել է իր դիրքը։ Նա պատգամավոր է, նրան որոշ մարդիկ ընտրել են, արդյոք ինքը բացառում է, որ այդ մարդիկ, որոնք իրեն ընտրել են, մի օր էլ նրա կոչը չեն իրականացնի», — մեզ հետ զրույցում ասել է «Փինք Արմենիա»֊ի նախագահ Նվարդ Մարգարյանը։

Պետրոսյանն իր գրառումն արել էր Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում օգոստոսի 3-ին 9 երիտասարդների վրա հարձակումից և ծեծից հետո։