Գլխավոր / մարտի-1 / Իրավապահները ստուգում են՝ արդյոք Հովիկ Աբրահամյանի տարածքում գտնված զենքը գործադրվել է մարտի 1-ին

Իրավապահները ստուգում են՝ արդյոք Հովիկ Աբրահամյանի տարածքում գտնված զենքը գործադրվել է մարտի 1-ին

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող, Ամբիկ Գևորգյանի անվամբ ձևակերպված` Արարատի մարզի Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանում մեծ քանակությամբ ապօրինի զենք և ռազմամթերք են գտել: Այս մասին հաղորդում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը:

Համաձայն պաշտոնական հայտարարության, նշված վայրից հայտնաբերվել է 3 գնդացիր, 7 ինքնաձիգ, 2 դիպուկահար հրացան, 3 այլ տեսակի հրացաններ, 2 ատրճանակ և մեծ քանակությամբ փամփուշտներ: ԱԱԾ-ն նշում է, որ զենքերի գտնվելու վայրի մասին օպերատիվ տվյալները ստացվել են Մարտի 1-ի քրեական գործի քննության շրջանակներում:

Այժմ իրավապահ մարմինները ստուգում են զենքերի ձեռքբերման եղանակները, պարզում են՝ արդյոք դրանք գործադրվել են 2008 թվականի մարտի 1-ին:

Ամբիկ Գևորգյանը և Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանը ձերբակալվել են: