Գլխավոր / Բնապահպանություն / «Լիդիանը փորձում է ճնշել Կառավարությանը»․ Ամուլսարում լարված իրավիճակ էր

«Լիդիանը փորձում է ճնշել Կառավարությանը»․ Ամուլսարում լարված իրավիճակ էր

Այսօր՝ օգոստոսի 9-ին, Ամուլսարի հանքի մոտ լարված իրավիճակ է ստեղծվել։ Առավոտվանից «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցները Սարավանի կողմից հանքի տարածքում ծանր տեխնիկայի շարժ են սկսել։ Սրանով ընկերությունը, ըստ Ամուլսարի պաշտպանների, խախտում է տեսչական ստուգումների հետ կապված Կառավարության հետ եղած պայմանավորվածությունը և դրանով ճնշում գործադրում։

Դեռ երեկ ընկերության ղեկավարությունն այցելել էր Ամուլսար տանող ճանապարհները հսկող բնապահպաններին և տեղացիներին։ Epress.am-ի հետ զրույցում բնապահպան Արփինե Գալֆայանը պատմել է, որ ընկերության ղեկավարներն ասել են՝ իրենց աշխատողներն ուզում են մտնել հանքի տարածք և աշխատել։ Նրանք ընդգծել են, որ ղեկավարությունը նրանց այդ հարցում չի խոչընդոտելու և որ հանկարծ բռնություն լինի, իրենք մեղավոր չեն։

Ընկերության ներկայացուցիչները հավելել են, որ իրենք այլևս չեն կարող սպասել, հորդորել են իրենց հետ միասնական ուժերով ճնշում գործադրել Կառավարության վրա՝ արագ որոշում ընդունելու համար։

«Մենք ասացինք, որ իրենց հետ դաշնակիցներ չենք, թող գնան», — նշել է Գալֆայանը։

Վաղ առավոտվանից ոստիկաններ են հավաքվել Ամուլսար տանող հսկող կետերի մոտ։ Ըստ տեղեկությունների՝ «Լիդիանի» աշխատակիցներն այդտեղ պատրաստվել են բողոքի ակցիա անել։ Սակայն «պոստերի» մոտ ընկերության աշխատակիցներն այդպես էլ չեն երևացել։ Ավելի ուշ պարզ է դարձել, որ Սարավանի հատվածից հանքի տարածքում ծանր տեխնիկա է տեղաշարժվում։ Դեպի հանք գնացող այդ հատվածը չի հսկվում Ամուլսարի պաշտպանների կողմից։ Այդ տեխնիկան, ըստ էության, մինչ այդ էլ եղել է հանքի տարածքում, ուղղակի այս անգամ «Լիդիանի» աշխատակիցները մտել են հանքի տարածք և սարից փորձել են իջեցնել տեխնիկան։

Բնապահպաններն արագ գնացել են այնտեղ, սակայն մոտ 20 րոպե ոստիկանները փակել են նրանց ճանապարհը։ Սկզբում չեն բացատրել, թե ինչու են փակում, ավելի ուշ ասել են, որ ճանապարհին կան փլուզումներ՝ դրա համար չեն կարող բարձրանալ այդ տարածք։ Մի քանի րոպե անց, այնուամենայնիվ, նրանք Ամուլսարի պաշտպաններին թույլ են տվել առաջ գնալ։

«Մի ճանապարհ կա, որ Սարավանից միանում է Գնդեվազի ճանապարհին։ Տեխնիկան բերել, կանգնացրել էին այդտեղ, փակել էին այդ ճանապարհը, որ կարողնան մյուս տեխնիկաներով գան, աշխատեն։ Մի քանի մեքենաներով էլ ավելի ներքևից մեր ճանապարհն էին փակել, որ չկարողանանք վեր բարձրանալ», -պատմել է բնապահպան Անի Խաչատրյանը։

Այնուամենայնիվ, մարդիկ հասել են այն վայրին, որտեղ ծանր տեխնիկան է կանգնած եղել։ Մի քանի տեղացիներ անգամ պառկել են դրանց առաջ և ի վերջո «Լիդիանի» տեխնիկան նահանջել է։

«Երբ մենք հարցրինք ղեկավարներից մեկին՝ արդյոք դուք երաշխավորո՞ւմ եք, որ ոչ մի աշխատանք չի տարվելու, ասաց, որ այսօր չի տարվելու։ Ասացինք, բա՞ վաղը կամ երկու օր անց, ասաց՝ չենք կարող ասել», — մեզ հետ զրույցում ասել է բնապահպան Անի Խաչատրյանը։

Ըստ էության, կարծում են Ամուլսարի պաշտպաննները, «Լիդիանը» հավանաբար ոչ մի աշխատանք էլ չէր ցանկանում անել, ուղղակի տեխնիկայի շարժով ցանկացել են ճնշում գործադրել Կառավարության վրա։

«Իրանք էլ չգիտեին, թե ինչ են ուզում անել, ուղղակի մի բան պետք է անեին։ Հավանաբար ուզում էին ինչ-որ պրովոկացիա անել, կռիվ անել, կամ էլ մեր տրամադրություններն էին ուզում ստուգել և կառավարության վրա ճնշում գործադրել», — մեզ հետ զրույցում ասել է Ամուլսարը պաշտպանող տեղացիներից մեկը։

Այսօրվա դեպքերի հետ կապված «Հայկական բնապահպանական ճակատ» (ՀԲՃ) նախաձեռնությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ «Լիդիանի» այսօրվա քայլերն արդեն իսկ ուղղված էին միջհամայնքային և ներհամայնքային բախումներ հրահրելուն, և վիճակն արհեստականորեն լարելուն՝ ինչը չստացվեց, քանի որ «Ամուլսարի պահապանները խաղաղ պայքարի գաղափարախոսության կրողներ են և պաշտպանում են իրենց բնությունն ու բնակավայրերի տասնամյակներ շարունակ ձևավորված սոցիալ-տնտեսական կառուցվածքը»։

Նշենք, որ հուլիսի 6-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ջերմուկ այցից հետո, Կառավարությունն աշխատանքային խումբ է ձևավորել մետաղական բոլոր հանքերի խնդիրներն ուսումնասիրելու նպատակով՝ այդ թվում առաջին հերթին նաև Ամուլսարի։

«Բայց «Լիդիանի» ղեկավարությունը չգնաց ոչ մի փոխզիջման աշխատանքները ժամանակավոր դադարեցնելու հարցում և սկսեց շանտաժի լեզվով խոսել կառավարության և ՀՀ քաղաքացիների հետ», -նշված է ՀԲՃ-ի հայտարարության մեջ։