Home / Բանակ / Լևոն Տեր-Պետրոսյանը պատրաստ է աջակցել Մարտի 1-ի գործի քննությանը

Լևոն Տեր-Պետրոսյանը պատրաստ է աջակցել Մարտի 1-ի գործի քննությանը

Հայաստանում չկա մեկը, ով ավելի շատ է շահագրգռված «Մարտի 1»-ի գործի բացահայտմամբ, քան առաջին նախագահ, Հայ ազգային Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Այս մասին պարլամենտում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանը:

«Բոլորը, ովքեր կարող են օգտակար լինել գործի բացահայտմանը, պետք է ուրախ լինեն ներկայանալ քննչական ծառայություն և նյութեր տալ: Այս երկրում չկա մեկը, ով ավելի շատ է շահագրգռված «Մարտի 1»-ի գործի բացահայտմամբ, քան Լևոն Տեր-Պետրոսյանը»,- ասաց Մանուկյանը:

Մանուկյանի խոսքով` իրենք 10 տարում հավաքել են այն բոլոր նյութերը, որոնք պատրաստ են տրամադրել արդարադատություն իրականացնող մարմնին: «10 տարի մենք նյութեր ենք հավաքել, գրքեր հրատարակել, ֆիլմեր նկարահանել, դիմել ենք միջազգային եվրոպական բոլոր կառույցներին, կազմել ենք հնարավոր բոլոր հանցագործների ցուցակը: Մենք ունենք բոլոր ոստիկանների ցուցակը, որոնք կեղծ ցուցմունքներ են տվել, բոլոր դատախազների անունները, որոնք կեղծ մեղադրանքներ են ներկայացրել: Վերջին աշխատանքն արել ենք դեռևս «Մարտի 1-ի» տասնամյակը լրանալուց առաջ: Փաստաթղթերի ժողովածուի հրատարակումից անմիջապես հետո դրա օրինակներն ուղարկել ենք բոլոր շահագրգիռ կողմերին: Դա մի ամբողջ ժողովածու է, որը բավական է «Մարտի 1-ի» գործը բացահայտելու համար: Նյութն այնքան շատ է, որ ամբողջապես ապացուցում է «Մարտի 1»-ի ոճրագործության նախապես կազմակերպված և իրագործված լինելը»:

Նա նշել է նաև, որ «Մարտի 1»-ի գործով նախկինում մեղադրված անձինք այսօր քննչական մարմնում ցուցմունք են տալիս տուժողի կարգավիճակով:

ՀԱԿ անդամի խոսքով` Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը պետք է շարունակվի մնալ կալանավորումը: