Գլխավոր / մարտի-1 / Նստելու եք բոլոր մարդասպաններով․ Փաշինյանը՝ Մարտի 1-ի մասին

Նստելու եք բոլոր մարդասպաններով․ Փաշինյանը՝ Մարտի 1-ի մասին

Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 17-ի հանրահավաքին խոսել է անցումային արդարադատության և Մարտի 1-ի մասին։

Հայաստանում պետք է լրջորեն քննարկվի անցումային արդարադատության մարմինների ստեղծման հարցը։ Այս մասին այսօր իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված հանրահավաքին  հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Խոսելով ապօրինի հարստացման դեպքերի բացահայտումների մասին՝ Փաշինյանն ընդգծել է, որ շատ հաճախ այդ առումով բարդություններ կան, քանի որ ապօրինի հասրտացման մասին օրենքն ուժի մեջ է մտել 2017 թվականին, և մինչև դա գողացված գումարների վերաբերյալ դեպքերը դժվար է բացահայտել։ Նա օրինակ է բերել «նախկին պաշտոնյայի եղբորը» (նկատի է ունեցել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին֊խմբ․), որի միայն մեկ հաշվեհամարի վրա 30 միլիոն դոլար կա։

«Զուտ Հայաստանի այսօրվա ֆորմալ օրենքների տեսակետից չափազանց դժվար է դրա հետ կապված քննություն կազմակերպել, որովհետև այդ մարդը ֆորմալ առումով երկար տարիներ պետական պաշտոնյա չի եղել, հետևաբար հայտարարգիր չի ներկայացրել, և ֆորմալ առումով էստեղ կան դժվարություններ այդ գումարը հետաքննելու և օրենքով սահմանված կարգով առգրավվելու։ Այս է պատճառը, որ ես կարծում եմ՝ մենք լրջորեն պետք է մտածենք անցումային արդարադատության նոր մարմինների ստեղծման մասին», ֊ ասել է Փաշինյանը։

Նա ընդգծել է, որ բազմաթիվ միջազգային կամզակակերպություններ և գործընկեր֊պետություններ պատրաստակամություն են հայտնել աջակցել օտարերկրյա պետություններում և օֆշորային գոտիներում Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների ունեցած ակտիվները բացահայտելու, սառեցնելու և Հայաստան վերադարձնելու հարցում։

«Եվ մենք պետք է ամեն ինչ անենք այդ գործիքից արդյունավետ օգտվելու համար։ Բայց ինքներդ եք հասկանում, սիրելի հայրենակիցներ, որ հիմա շատերը, ովքեր հասկանում են, որ իրենց ժամերը հաշված են, որ իրենց տեղը բանտում է, որ իրենք պատասխան են տալու ժողովրդի առաջ, սկսել են իրենք իրենց ներկայացնել որպես քաղաքական հալածյալներ, որպես քաղաքական հետապնդումների զոհ։ Որևէ մեկը չի՞ հարցնում՝ բա որ քաղաքական հետապնդումների զոհ եք, ինչպե՞ս եք հիմա գտնվում ազատության մեջ։ Թե՞ ձեզ թվում է մենք ձևերը չգիտենք՝ դատավորներին զանգելու, հաթաթա տալու․․․ Բայց մենք հրաժարվել ենք այդ պրակտիկայից․․․ Բայց դա չի նշանակում, որ որևէ մեկին թույլ ենք տալու խուսափելու պատասխանատվությունից։ Ուզում եմ հստակ ընդգծել՝ բացառում եմ, որ որևէ մեկը կխուսափի Մարտի 1-ին տասը քաղաքացիներին սպանելու և Հայաստանի Հանրապետությունում պետական հեղաշրջում իրականացնելու պատասխանատվությունից։ Չի կարող լինել այդպիսի բան։ Չի կարող լինել այդպիսի բան… Եվ խնդրում եմ՝ դուք ասեք, որ թույլ չեք տա, որ որևէ ոճրագործ, Հայաստանի Հանրապետության քաղաքացու արյունը հեղած որևէ մարդասպան խուսափի պատասխանատվությունից։ Նստելու եք բոլոր մարդասպաններով։ Նստելու եք։ Եվ ես սա լիազոր եմ հայտարարել Հայաստանի Հանրապետության ժողովրդի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անունից», ֊ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։