Home / Հայաստան / Մոսկվայում և Երևանում միամիտներ չկան․ հայ֊ռուսական հարաբերությունների մասին

Մոսկվայում և Երևանում միամիտներ չկան․ հայ֊ռուսական հարաբերությունների մասին

Այսօր խոսել հայ֊ռուսական հարաբերությունների վատ լինելու մասին ուղղակի ծիծաղելի է։ Նիկոլ Փաշինյանը հանրահավաքի իր ծրագրային ելույթում խոսել է Հայաստան֊Ռուսաստան հարաբերությունների մասին։

«Ես այս ընթացքում երկու անգամ հանդիպում եմ ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և երեք անգամ հեռախոսազրույց եմ ունեցել։ Եվ կարող եմ միանշանակ ասել, որ հայ֊ռուսական հարաբերությունները ոչ միայն չեն վատացել, այլև ի հեճուկս հանրապետականների և նրանց սատելիտների, հայ֊ռուսական հարաբերությունները լավ են ու գնալով ավելի ու ավելի լավանալու են։ Մենք ասել ենք, որ արտաքին քաղաքական ռեվերսներ չեն լինելու, և մեր քաղաքականությունը, մեր նպատակներից մեկը հայ֊ռուսական բարեկամությունը խորացնելն է և հայ֊ռուսական հարաբերությունները նոր մակարդակի հասցնելը։ Երեք ամիս առաջ ես խոստանում էի, որ հայ֊ռուսական հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի, և այսօր ուզում եմ ասել, որ համապատասխան ընթացակարգերն անցնելուց հետո, դուք բոլորդ կիմանաք հայ֊ռուսական նոր հումանիտար նախագծի մասին, որն աննախադեպ է Երրորդ հանրապետության պատմության ընթացքում։ Եվ դա է լինելու ապուցույցը, որ մենք հետևողականորեն գնում ենք մեր հարաբերութւունները նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ։

Նա դիմել է Ռուսաստանում գործող այն փորձագետներին, որոնք կանխատեսում են, որ Հայաստանը գնում է դեպի Արևմուտք կամ դեպի Արևելք։

«Հայաստանի Հանրապետությունը ոչ մի տեղ չի գնում։ Հայաստանի Հանրապետությունն ամուր կանգնած է իր ոտքերի վրա՝ ուղիղ ողնաշարով, հպարտ քաղաքացիներով և արժանապատիվ կեցվածքով։ Հայ֊ռուսական ռազմավարական բարեկամությունը խորանալու է և զարգանալու է։ Մենք զարգացնելու ենք մեր հարաբերությունները նաև Եվրամիության հետ», ֊ ասել է Փաշինյանը։

Նա պնդել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն էությունн ազգային շահերի պաշտպանությունն է և «մենք հետևողականորեն գնում ենք էդ ճանապարհով, որովհետև դուք եք լիազորել մեզ այդպես վարվել։

«Բայց ես ուզում եմ մի բան ասել։ Նախորդ տարիներին Հայաստանում տեղի է ունեցել մի էսպիսի բան։ Օրինակ, իշխանություններն իրենց կեցվածքով էնպես են արել, որ Հայաստանում տեղի ունեցած բազմաթիվ նեգատիվ երևույթներ այդ իշխանությունների պասերով կապվել է Ռուսաստանի հետ։ Ինչի՞ է էդպես եղել։ Որովհետև ուզեցել են կոռումպացված իշխանություններն իրենց գործողությունների պատասխանատվությունը դուրս գցել։ Իբր էդ իրենք չեն մեղավոր, դրսում ուժեր կան, որոնք իրենց թույլ չեն տալիս կոռումպացված չլինել։ Եվ հիմա երբ իրենք բանտի ճանապարհին են, զանգում են Ռուսաստան, ասում են՝ իրենք ձեր դեմ են անում, ձեր դեմ են կոռւպցիայի դեմ պայքարում։ Էդ զանգերը ձեզ չեն փրկելու, որովհետև Մոսկվայում միամիտ մարդիկ չկան։ Երևանում նույնպես միամիտ մարդիկ չկան…», ֊ ասել է Փաշինյանը։