Home / Հայաստան / Փաշինյանը ժողովրդին. Պատրաստվեք հանրաքվեներին

Փաշինյանը ժողովրդին. Պատրաստվեք հանրաքվեներին

Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը բացառիկ է ոչ միայն իր ձևով, այլ նաև բովանդակությամբ։ Այս մասին այսօր իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված հանրահավաքին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա ընդգծել է, որ աշխարհում ոչ ոք չէր հավատում, թե Հայաստանում առանց որևէ կրակոց հնարավոր կլինի հեղափոխություն անել, բայց դա տեղի ունեցավ։ Նրա խոսքով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետը ոչ թե խորհրդարանական ուժեչի բաշխվածության կամ որևէ խորհրդարանական ուժի ներկայացուցիչ է, այլ Հայաստանի ժողովրդի ուղիղ և անմիջական կամքի ներկայացուցիչն է։

«Հայաստանի Հանրապետությունում հիմա հաստատվել է մի իրավական մի կառավարման համակարգ, որը պատմագիտության մեջ ընդունված է անվանել ուղիղ ժողովրդական կառավարում…

Հայաստանի Հանրապետությունում չկա կոալիցիա, Հայաստանի Հանրապետությունում չկա կոալիցիոն կառավարություն, Հայաստանի Հանրապետությունում չկա խորհրդարանական մեծամասնություն, Հայաստանի Հանրապետությունում կա ժողովուրդ, Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին և ժողովուրդն իրականացնում է ուղիղ կառավարություն, և սրանում է հեղափոխության ուղիղ իմաստը։ Ուզում եմ ասել, թէ ինչ է սա նշանակում գործնականում։ Գործնականում դա նշանակում է, որ հեղափոխական այս հրապարակը, հեղափոխական Հանրապետական հրապարակը հռչակվում է որպես ժողովրդական իշխանության բարձրագուն մարմին։ Սա նշանակում է, որ Կառավարությունը ինչպես ձևավորվել է այս հրապարակում, Կառավարությունը հաշվետու է այս հրապարակին, Կառավարությունը ենթարկվում է այս հրապարակին։ Սա նշանակում է, որ մենք Հայաստանի քաղաքական կյանքի, տնտեսական կյանքի կարևոր որոշումները կայացնելիս պիտի ժողովրդով հավաքվենք այս հրապարակում և Կառավարությանը լիազորենք իրականացնել այս կամ այն գործողությունը, կամ Կառավարությանը արգելենք կատարել այս կամ այն գործունեությունը։ Եվ ուրեմն՝ դուք էք Հայաստանի Հանրապետությունում բարձրագուն և միակ իշխանությունը։ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ձեզ», – ասել է Նիկոլ Փաշինյանը։

Նա ընդգծել է, որ Հայաստանի քաղաքական կյանքում առաջիկայում համատեղ ջանքերով պետք է ուժեղացվի հանրաքվեի ինստիտուտը և բազմաթիվ որոշումներ ժողովուրդը պետք է կայացնի հանրաքվեներով։ Խոսքը վերաբերվում է ինչպես տեղական, այնպես էլ համապետական հանրաքվեներին։

«Եվ ուրեմն՝ առաջիկայում պետք է կատարվեն այնպիսի փոփոխություններ, որ քաղաքային մարզային պետական անգամ միջազգային կարևորագույն իրադարձությունների վերաբերյալ Կառավարությունը և ժողովուրդը միասին որոշումներ կայացնեն հանրաքվեներով։ Սա է հիմնական փոփոխությունը, որ պիտի դառնա մեր հեղափոխության երկրորդ ալիքը», – ասել է վարչապետը։

Նա պնդել է՝ այն իրադարձությունը, որ տեղի է ունեցել Հանրապետության հրապարակում պատմագիտական առումով կարող է հիշատակվել հետագայում նույն մակարդակի վրա, ինչպես Հին Աթենքում ժողովրդավարության՝ դեմոկրատիայի հաստատումը։

«Եվ ուրեմն՝ Հայաստանի Հանրապետությունը պատմական հեռանկարում կարող է հիշատակվել այնպես, ինչպես հիմա հիշատկավում է Հին Հունաստանը։ Երևանը կարող է հիշատակվել այնպես, ինչպես Հին Աթենքը։ Եվ Հանրապետության հրապարակը կարող է դառնալ 21-րդ դարի մարդկության նորագույն ժամանակների Ագորան, որտեղ ստեղծվել է ժամանակակից քաղաքակրթությունը», – հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 17-ի՝ իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված հանրահավաքից առաջ երթ է անցկացրել Արցախի պողոտայից մինչև Հանրապետության հրապարակ։ Հենց այնտեղից էր Փաշինյանը ոստիկանական ուժերի կողմից բռնությամբ տարվել այս տարվա ապրիլի 22-ին․ հաջորդ օրը նրան բաց էին թողել, որից հետո վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարել էր իր հրաժարականի մասին։ Հրապարակում են հավաքվել տասնյակ հազարավոր մարդիկ, ամբողջովին լցված են նաև հրապարակին հարող փողոցները։