Գլխավոր / Ոստիկանություն / Պառկեցնել ասֆալտին․ Փաշինյանը պահանջել է զինաթափել օլիգարխների խմբավորումները

Պառկեցնել ասֆալտին․ Փաշինյանը պահանջել է զինաթափել օլիգարխների խմբավորումները

ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսումը հանցագործություն է և դավադրություն է Հայաստանի պետականության նկատմամբ։ Այս մասին այսօր Դավիթաշենում կայացած «Իմ քայլը» դաշինքի (մասնակցում է Երևանի ահավագանու ընտրություններին) հանրահավաքին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես հանձնարարել եմ ԱԱԾ֊ին և ոստիկանությանը ամենակարճ ժամանակահատվածում հայտնաբերել դավադրությունը կազմակերպածներին և նրանց ենթարկել ամենախիստ պատասխանատվության։

«Դեռևս երբ ես «Հայկական ժամանակ» օրաթերթում խմբագիր էի, հրապարակել էի տեղեկություն, որ, մեր տեղեկություններով, որոշ օլիգարխներ ժողովրդից թալանված միջոցներով ձեռք են բերել հատուկ գաղտնալսման սարքեր և, ըստ էության, ստեղծել են հատուկ ծառայություններ պետության մեջ։ Եվ ես այսօր ասում եմ պատասխանատու՝ էդ բոլոր «հատուկ ծառայությունները», ապօրինի զինված խմբավորումները՝ սափրագլուխների և ախրանաների տեսքով, ուրեմն այդ «հատուկ ծառայությունները» հայտնաբերվելու են և ոչնչացվելու են։ Բոլոր ապօրինի զինված խմբավորումները զինաթափվելու են։ եվ ես այստեղից Ազգային անվտանգության ծառայությանը, ոստիկանությանը հրահանգում եմ իրականացնել ռեյդեր օլիգարխների, բարձրաստիճան պաշտոնյաների, այսպես կոչված, թիկնազորներին պառկեցներ ասֆալտներին և զինաթափել բոլորին։ Պարոնայք Արթուր Վանեցյան և Վալերի Օսիպյան, երկու ժամից լսեմ ձեր զեկույցը կատարված աշխատանքների և արձանագրված արդյունքների մասին»,-ասել է Փաշինյանը։

Վարչապետն անդրադարձել է նաև ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին։ Նրա խոսքով՝ 2008 թվականի փետրվար֊մարտի իրադարձություններին Ռոբերտ Քոչարյանը զորքերը հանել էր հայ֊ադրբեջանական սահմանից և բերել Երևան՝ սեփական ժողովրդին օկուպացնելու։

«Եվ դա ապացուցված է։ Ու էդ ընթացքում մեր երեխեքին խրամատներում փոխող չի եղել։ Նրանք, որ պիտի մնային 14 օր, մնացել են շատ ավելի երկար։ Եվ մեր սահմանը եղել է անպաշտպան։ Երևի Ալիևի հետ պայմանավորվել էր, թող մեր ժողովրդին կոտորեմ, դու հանկարծ չհարձակվես։ Բա հակառակ դեպքում ո՞ր ուղեղով մարդը զորքը սահմանից կհանի, կբերի մայրաքաղաքի կենտրոն։ Ո՞վ է նա, եթե ոչ քրեական հանցագործ։ Ո՞վ է նա, եթե ոչ հայրենիքի դավաճան։ Շարքային Տիգրան Աբգարյանը գեներալների աչքի առաջ գնդակահարվել է Լեոյի փողոցում», ֊ ասել է Փաշինյանը։

Նա ընդգծել է, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը պատասխանատու են Հայաստանում իշխանության բռնազավթման համար և նրանք պետք է կանգնեն դատարանի առաջ։