Home / Շուկա / Երևանի թաղամասերից մեկը զրկվել է հանրային տրանսպորտից և դիմել քաղաքապետարան

Երևանի թաղամասերից մեկը զրկվել է հանրային տրանսպորտից և դիմել քաղաքապետարան

Երևանի Թբիլիսյան խճուղու հարող տարածքը սպասարկող երկու երթուղային գծերից մեկը դադարել է գործել, իսկ մյուսը՝ փոխել է երթուղին։ Տարածքի բնակիչները բաց նամակով դիմել են Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Արեյանին՝ պահանջելով վերականգնել հարնային տրանսպորտը։

«Փաստորեն, հարյուրավոր բնակիչներ զրկվեցին մոտ կանգառից օգտվելու հնարավորությունից և հիմա երկար ճանապարհ են կտրելու, որ հասնենք մոտակա կանգառ, փոխադրամիջոցներն էլ սակավ են դարձել։ Համար 62 երթուղայինն էլ հանվել է երթուղուց։ Պարոն Արեյան, խնդրում ենք Ձեզ, և ակնկալում մարդասիրական վերաբերմունք մեր նկատմամբ, վերանայել գոնե Համար 21 միկրոավտոբուսի երթուղին»,֊ ասված է բնակիչների բաց նամակում։

Երևանի քաղաքապետարանի Տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը Epress.am-ին պատասխանել է, որ քաղաքապետարանը չի կարող հարցը լուծել, քանի որ 62 գիծը սպասարկող ընկերությունն է հրաժարվել այլևս աշխատել։

«Մենք արդեն մեկ տարի է բանակցում էինք ընկերության հետ, պահանջում էինք, որ ներդրումներ անի, մեքենաներին տեխնիկական վիճակն այնքան վատ էր, որ ուղևորները կարող է մի օր ընկնեին, ով էր դրա համար պատասխան տալու։ Իսկ գծատերը հրաժարվեց ներդրում անել, քանի որ առանց այն է՝ վնասով էր աշխատում։ 2013 թվականից ի վեր, երբ սկսվեց այդ բողոքները եղան 100 դրամի մասին,  շատ երթուղայիններ փակվեցին․ 18 ավտոբուսային, 12՝ միկրոավտոբուսային գիծ։ Չեն կարողանում աշխատել, վերջին տարվա ընթացքում դիզվառելիքը թանկացել է 120 դրամով, ի դեպ, 20 դրամով վերջին երկու ամսվա ընթացքում։ Նույնը բենզինը»,֊ ասել է Նավասարդյանը։

Ըստ պաշտոնյայի՝ հանրային տրասպորտի վիճակը կլավանա միայն նոր ցանցի ստեղծելուց հետո, ինչն արդեն պետք է ակնկալել նոր քաղաքային իշխանություններից։