Գլխավոր / Մարզեր / Խաբված փախստականները Բաքվում նորից փողոց են փակել

Խաբված փախստականները Բաքվում նորից փողոց են փակել

Մի խումբ բռնի տեղահանվածներ նախօրեին փակել է Բաքվի Թբիլիսյան պողոտան՝ փախստականների և բռնի ներգաղթյալների գործերով պետական կոմիտեի և Ադրբեջանի Տրանսպորտի նախարարության հարակից տարածքում։

Բողոքը կապված է բնակարանային չլուծված խնդիրների հետ։ Առավոտվանից նրանք հավաքվել էին Փախստականների պետական կոմիտեի առջև։ Մեկը եկել է սեփական ավտոմեքենայով և կենտրոնի ուղղությամբ փակել պողոտան։ Նրան միացան նաև այլ մարդիկ։ Ինչպես հաղորդում է «Մեյդան TV-ն», ոստիկանության աշխատակիցները վարորդից պահանջել են ազատել ճանապարհը, ապա ուժով դուրս են բերել մեքենայից և տարել։

Հետո ի նշան բողոքի՝ ճանապարհը փակել են կանայք։ Արագ արձագանքման գնդի ժամանած աշխատակիցները դադարեցրել են բողոքի ակցիան։ Ճանապարհը փակ է մնացել 15 րոպե, ինչը համարյա մեկ կիլոմետրանոց խցանում է առաջացրել։

Պետկոմիտեի մամուլի ծառայության ղեկավար Իբրահիմ Միրզոևը «Մեյդան TV-ին» հաղորդել է, որ յուրաքանչյուր շաբաթվա երեքշաբթի օրը կոմիտեի նախագահի ընդունելության օրն է, ինչն էլ, նրա կարծիքով, եղել է կառույցի մոտ մարդկանց կուտակման պատճառը։

«Անկարգությունները հրահրելու» մեջ նա մեղադրել է Աղդամի շրջանի նախկին բնակչին։ «Նա բնակարան է ուզում, բայց նման խնդիրներն այդպես արագ չեն լուծվում, բնակարանի հանձնումը փուլային է իրականացվում»։

Այս տարվա հունվարին հայտնի է դարձել, որ Ադրբեջանի Փախստականների և բռնի ներգաղթյալների գործերով պետկոմիտեն հերթից դուրս բնակարաններ է հանձնել, ինչով էլ արդեն երրորդ տասնամյակ բնակարանների սպասող մարդկանց բարկությունն է հարուցել։

Հունվարի 11-ին 250 փախստական փակել են Բինագադի շրջանի ավտոճանապարհը։ Նրանց խոսքով, մարդիկ, որոնք բնավ էլ փախստականներ չեն, բնակարանի համար որոշակի գումար (3֊5 հազար մանաթ) են վճարել՝ այդպիսով դառնալով երկու-երեք սենյականոց բնակարանների սեփականատերեր։

Մայիսի 15-ին Բաքվում նրանք նորից դուրս էին եկել բողոքի ակցիայի՝ պահանջելով բնակարանների հանձնում և աշխատավարձերի վճարում։

Հունիսի 5-ին բյուջետային կազմակերպություններում աշխատող ավելի քան 200 բռնի ներգաղթյալներ հավաքվել են Կառավարության շենքի առջև՝ իրենց աշխատավարձերի չվճարման կապակցությամբ։ Մասնակիցներն ընդգծել են, որ փախստական դառնալուց առաջ ունեցած աշխատանիքի դիմաց իրենք վճարվել են միջին աշխատավարձի չափով։ Սակայն 2017֊ից այդ վճարները սառեցվել են։

Բռնի տեղահանվածների ակցիան երկու ժամ է տևել։ Նրանք վանկարկում էին «Վարչապե՛տ, ընդունի՛ր մեզ», սակայն, պաշտոնյաներից ոչ ոք նրանց չի ընդունել։

«Մեյդան TV-ի» տվյալներով Ադրբեջանում ապրում են 1 միլիոն 200 հազար փախստականներ և բռնի տեղահանվածներ։ Երկրի իշխանությունները հայտարարում են, որ վերջին 20 տարում 6 միլիարդ դոլլար են տրամադրել հայ-ադրբեջանական կոնֆլիկտիհակամարտության արդյունքում փախստական դարձած մարդկանց սոցիալական խնդիրների լուծման համար։