Գլխավոր / Ազգային ժողով / Ղարաբաղի կարգավիճակի մասին որևէ հստակություն չկա․ Փաշինյանը՝ նախորդների մասին

Ղարաբաղի կարգավիճակի մասին որևէ հստակություն չկա․ Փաշինյանը՝ նախորդների մասին

Լեռնային Ղարաբաղի հարցի կապակցությամբ բանակցային սեղանին երբեք չի եղել այնպիսի տարբերակ, որտեղ հստակ ձևակերպվեր և երաշխավորվեր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը։ Այս մասին այսօր Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա պատասխանել է ՀՀԿ֊ական պատգամավոր Արմեն Աշոտյանի այն հարցին, թե ինչ ի նկատի ուներ Փաշինյանը, երբ օգոստոսի 17-ի հանրահավաքին ասել էր, որ մինչ սա բանակցվել է միայն հող հանձնելու մասին։

«Վերջին տարիներին, ինչքան մոտեցել ենք մենք 2018 թվականին, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն ավելի ու ավելի մի կողմ է մղվել։

Եվ ես ուզում եմ ձեզ ասել, որ այն պահին, երբ որ ես ստանձնել եմ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը, ստացել եմ ժառանգություն մի տարբերակ, որը փաստաթուղթ չէ։ Բոլորս հասկանում ենք չէ՞,որ դա ոչ թե փաստաթուղթ չէ այն առումով, որ թղթի վրա չէ, այլ ստորագրած չի, կնքած չի և այլն։ Որպես ժառանգություն ստացել եմ մի տարբերակ, որտեղ Արցախի կարգավիճակի մասին ընդհանրապես ոչ մի բան չկա․ կա միայն հետևյալը, որ պետք է Ադրբեջանին վերադարձվեն ձեզ հայտնի տարածքները։ Եվ ես սա ձեզ ասում եմ պաշտոնապես։ Այո՛, դուք որպես ժառանգություն թողել եք մի տարբերակ, որտեղ Արցախի կարգավիճակի մասին որևէ բան չկա։ Ես չեմ ասում, որ դուք ընդունել եք և ստորագրել եք էդ տարբերակը, ես ասել եմ, որ վերջին թուղթը, որ դրվել է բանակցային սեղանին, հենց այդպիսին է։ Եվ ես ասում եմ՝ որպես վարչապետ, առաջին շփումների ժամանակ ասել եմ, և հիմա էլ ասում եմ, որ առանց Արցախի կարգավիճակի ճշգրտման, հարցի լուծում հնարավոր չէ»,֊ասել է վարչապետը։