Գլխավոր / Բանակ / Զորավարժությունների շրջանակում պատերազմ են հայտարարել և դպրոցներ նամակներ ուղարկել (թարմացված)

Զորավարժությունների շրջանակում պատերազմ են հայտարարել և դպրոցներ նամակներ ուղարկել (թարմացված)

12։25 ՀՀ կրթության և գիտության նախարարությունը պարզաբանել է, որ նամակները դպրոցներին ուղարկվել են «Շանթ-2018» զորավարժությունների շրջանակներում: «Զորավարժությունները միտված են համապատասխան իրավիճակներում ճիշտ ուղերձներ մշակելու, կողմնորոշվելու, իրադրությանը համապատասխան քայլեր ձեռնարկելու գործընթացին: «Շանթ-2018» զորավարժությունների շրջանակում նաև Ազգային ժողովը սեպտեմբերի 12-ին ընդունել է պատերազմ հայտարարելու մասին որոշում։

«Սույն շրջաբերականը իմիտացիոն բնույթի էր, կատարման և տարածման ենթակա չէր: Սակայն որոշ մարդիկ այն տարածել են՝ առանց նշելու, որ դա արվել է «Շանթ-2018»-ի շրջանակներում՝ հեռացնելով համապատասխան գլխագիրը և դիտավորյալ մանիպուլացնելով հասարակությանը:

Մեդիագրագիտության խնդիրները, փաստորեն, նույնպես շարունակում են մտահոգիչ մնալ հասարակության մեջ»,֊ ասված է հաղորդագրության մեջ։

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը և նրա տեղակալ Լուսինե Առաքելյանը սեպտեմբերի 12-ին երկու հրաման են ուղարկել հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններին։ Հրամանների բովանդակությունը զարմացրել և վրդովվեցրել է մի շարք հասարակական գործիչների, քանի որ այն հիշեցնում է նախորդ իշխանությունների «Ազգ֊բանակ» հայեցակարգը, որը բազմիցս քննադատել են ներկայիս իշխանությունները մինչ թավշյա հեղափոխությունը։

Արայիկ Հարությունյանն իր նամակում, մասնավորապես, գրել է․ «Հարգելի տնօրեն, խնդրում եմ առաջարկել ձեր ղեկավարած ուսումնական հաստատության սովորողներին՝ գրել զինվորին ոգեշնչող, ջերմություն ու սեր հաղորդող, նրա բարոյահոգեբանական և մարտական ոգին է՛լ ավելի բարձրացնող, նրա կողքին լինելու և հայրենիքի պաշտպանության գործում անվերապահ մասնակցություն ունենալու պատրաստակամությամբ, անմնացորդ հայրենասիրությամբ տոգորված նամակ֊շարադրություններ՝ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերում իրենց ծառայությունն իրականացնող և հայրենիքի սահմաններն անառիկ պահող հայ քաջորդիներին։ Նամակ֊շարադրությունները անրհարժեշտ է ներկայացնել Կրթության և Գիտության նախարարություն հնարավորինս սեղմ ժամկետում»։

Նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը «հանրապետությունում ստեղծված ռազմական իրադրության պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողների մեջ հայրենասիրություն սերմանելու, հայրենիքի պաշտպանը դառնալու պատրաստակամության գաղափարն ամրապնդելու, հաղթանակի հանդեպ վստահություն ներշնչելու և սովորողներին համախմբելու նպատակով» դպրոցի տնօրեններին է տրամադրել կրթության և գիտության նախարարության կողմից երաշխավորված երգերի և տեսանյութերի ցանկը»։ Նա շեշտել է դպրոցում ռազմահայրենասիրական երգերի ուսուցումը և տեսանյութերի դիտումը կազմակերպելու անհրաժեշտությունը։

Ազգագրագետ Լուսինե Խառատյանը նախարարի նամակը քննադատել է իր ֆեսյբուքյան էջում․ «Արայիկ Հարությունյան, թե սա ճիշտ է, ապա մի քանի քայլ նահանջ է հեղափոխության դիրքերից։ Չեմ պատկերացնում, չեմ հասկանում, հրաժարվում եմ հասկանալ՝ ինչպես կարող է լեզուն ու բովանդակությունը նման արագ տեմպերով վերադառնալ»:

«Դուք եկել եք փոխելու՞, թե նախորդների մառազմն ամբողջացնելու ու ավելացնելու», — մասնավորապես, գրել է պատմաբան Վահրամ Թոքմաջյանը։