Գլխավոր / Բանտ / Սալվադորի նախկին նախագահը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման

Սալվադորի նախկին նախագահը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման

Սալվադորի մայրաքաղաքի դատարանը կոռուպցիայի մեղադրանքով 10 տարվա ազատազրկման է դատապարտել երկրի նախկին նախագահ Անտոնիո Սակային: Վերջինս ընդունել է իր մեղքը: Ըստ մեղադրող կողմի, Սական պետական բյուջեից ավելի քան 300 միլիոն դոլար է յուրացրել: 53-ամյա նախկին նախագահի փաստաբանը հայտնել է, որ իր պաշտպանյալը գործարք է կնքել դատարանի հետ՝ է՛լ ավելի երկարատև պատժաչափից խուսափելու համար:

Դատավարության ընթացքում քննիչները ներկայացրել են փաստեր, որոնց համաձայն, Սական հանրային միջոցներից մեծ գումարներ է յուրացրել իր և մի խումբ հանցակիցների համար: Բացի այդ, նա ապօրինի եղանակով 7 միլիոն դոլար է փոխանցել իր առաջնորդած «Ազգային հանրապետական դաշինք» աջակողմյան կուսակցության հաշվեհամարին: «Սա աննախադեպ դատական վճիռ է Սալվադորի պատմության ընթացքում, նախկինում երբևէ չի հաջողվել ապացուցել, որ նախկին նախագահը եղել է պետության փողերը գողացող հանցավոր խմբավորման պարագլուխ», — ասել է պետական մեղադրող Խորխե Կորտեզը:

10 տարվա ազատազրկման պատժաչափից 5 տարին սահմանվել է փողի լվացման և մյուս 5-ը՝ պետական միջոցները մսխելու մեղադրանքով:

Բացի այդ, դատարանը նախկին նախագահին պարտավորեցրել է պետական բյուջե վերադարձնել 260 միլիոն դոլար:

Դատարանը Սակայի նախկին կառավարության ևս վեց բարձրաստիճան պաշտոնյաների նույն գործով դատապարտել է 3-16 տարվա ազատազրկման:

Ըստ դատարանի, նախկին նախագահը և նրա հանցակիցները ստեղծել են կոռուպցիոն ցանց, որի միջոցով յուրացրել են պետության փողը:

Անտոնիո Սական Սալվադորի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2004-2009 թվականներին: Նա ձերբակալվել է 2016 թվականի հոկտեմբերին՝ իր որդու հարսանիքի ժամանակ:

Ուշագրավ է, որ Անտոնիո Սակային փոխարինած նախագահ Մաուրիցիո Ֆունեսը նույնպես մեղադրվում է կոռռւպցիայի համար և 2016 թվականից գտնվում է միջազգային հետախուզման մեջ:

Ըստ Սալվադորի իրավապահների, Ֆունեսը պետական բյուջեի փողերով է վճարել իր մասնավոր ուղևորությունների, սեփական տունը վերանորոգելու, բուժման ծախսերը հոգալու և անձնական այլ կարիքների համար:

Ֆունեսը ներկայումս ապաստանել է հարևան Նիկարագուայում: Ձախակողմյան Ֆունեսը Սալվադորում նախագահել է 2009-2014 թվականներին:

Նա իրեն համարում է քաղաքական հետապնումների զոհ և հայտարարել է, որ իր դեմ արշավը կազմակերպել են հարուստ գործարարներն ու պահպանողական քաղաքական գործիչները: