Գլխավոր / Դատարան / Նախկին դատավորը՝ լրագրող Փաշինյանի դեմ քրգործի և Քոչարյանի իշխանության կողմից ճնշումների մասին

Նախկին դատավորը՝ լրագրող Փաշինյանի դեմ քրգործի և Քոչարյանի իշխանության կողմից ճնշումների մասին

Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ընթացքում դատավորի պաշտոն զբաղեցրած Պարգև Օհանյանը հաստատում է․ այդ թվականներին իշխանությունը միջամտում էր դատական համակարգի աշխատանքին, և ինքն այդ ճնշումը զգացել է սեփական մաշկի վրա։ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Օհանյանը պատմել է, որ ոչ իշխանահաճո որոշում կատարելու պատճառով էլ հեռացվել էր աշխատանքից։ Նա խոստովանում է՝ այդ տարիներին որոշ վճիռներ կայացրել էր իշխանության հրահանգով՝ որպես օրինակ բերելով Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչներին վտարելու գործերն ու ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ հարուցված քրեական գործը։

2000-ականների սկզբին բազմաթիվ քաղաքացիներ չնչին փոխհատուցմամբ ազատում էին օտարման գոտի ճանաչված իրենց տները։ «Դատարանի նախագահը հավաքում, ասում ա․ Հյուսիսային պողոտայի վերաբերյալ գործով պետք ա էսպիսի ընթացք լինի՝ հօգուտ պետությանն, այսպես ասած։ Միջամտություն ա, իհարկե, միջամտություն ա», ֊ «Ազատության» եթերում ասել է Օհանյանը՝ նշելով, որ Հյուսիսային պողոտան ամբողջությամբ շահ էր։

1999-ից 2007 թվականներին դատավոր աշխատած Պարգև Օհանյանն այս տարածքի վերաբերյալ վճիռները թեև օրինական է համարում, բացատրելով, որ իրավական առումով օրենք չի խախտել, սակայն ասում է՝ գիտակցում էր, որ վճիռները խղճի դեմ է կայացնում․ «Տեղ կար, որ, օրինակ, մարդիկ ապրում էին իրենց պապական տներում, բայց էդ տներն ապօրինի էին, և այդ մարդկանց նույնիսկ 2-3 հազար դոլար էր հասնում։ 2 հազար դոլարով, եթե չեմ սխալվում, փաստորեն, տնից հանեցի, էլի։ Եվ էդ մարդիկ իմ աչքից չեն հեռանում մինչև հիմա»։

Հաջորդ օրինակը քրեական գործն էր, որով «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանը մեղադրվում էր զրպարտության համար։ Ռադիոկայանը հիշեցնում է լրագրող Փաշինյանի հոդվածն այն մասին, թե ինչպես է պատգամավոր Արտաշես Գեղամյանի կինը ներքնազգեստի մեջ զարդեր թաքցնելով փորձել սահման հատել։ «Պատվիրված էր երեք տարի ազատազրկում տալ, 2000 թիվն էր, եթե չեմ սխալվում», — ասաց նախկին դատավորը՝ չմանրամասնելով, արդյոք պատվերը նախագահականից էր իջեցվել։ Նա նշեց, որ դա միջնորդավորված էր արվում։

«Կալանք դահլիճից պիտի լիներ․․․ Ես նախ տվեցի մի տարի և խափանման միջոցը չփոխեցի, այսինքն ինքը դրսում էր, չկալանավորեցի», ֊ մասնավորապես, պատմել է Պարգև Օհանյանը։