Home / Դատարան / Գողությունը՝ ծայրահեղ անհրաժեշտություն․ որտեղ է թերացել պետությունը դատապարտված կնոջ գործում

Գողությունը՝ ծայրահեղ անհրաժեշտություն․ որտեղ է թերացել պետությունը դատապարտված կնոջ գործում

Եթե պետությունը չթերանար և կատարեր իր պարտականությունները, գուցե ծայրահեղ աղքատության մեջ ապրող Սիսիանի բնակիչ Հասմիկ Սարգսյանը չհայտնվեր ամբաստանյալի աթոռին։ Իսկ եթե Վճռաբեկ դատարանը անփոփոխ թողնի գողության համար դատապարտված Հասմիկի մասին Վերաքննիչ դատարանի որոշումը, 37-ամյա բազմազավակ մայրը 5 տարի կանցկացնի բանտում, իսկ նրա անչափահաս երեխաները կարող են հայտնվել մանկատանը։

«Ամեն օր մտածում եմ՝ էս օրը պրծավ, օրերը մոտիկանում են․․․արդեն երեխեքն էլ են այդ թեմայով ամեն օր ներվային դրության մեջ․․․ չեմ ուզում էդ ուղղությամբ մտածել»։ Հասմիկ Սարգսյանը Քանաքեռի ուռուցքաբանության կենտրոնի բակում նստած պատմում է, ինչպես է սպասում Վճռաբեկ դատարանի որոշմանը։

Միայնակ մայր Հասմիկը 4 երեխաներին պահել է մեծ դժվարությամբ։ Չնայած ամուսնուց դատարանով բաժանված չէ, սակայն նրանք մի քանի տարի է՝ ապրում են առանձին, ոչ մի շփում չկա։ Վերջինս ֆինանսապես չի օգնում ընտանիքին։

Դուստրը մեկ տարի առաջ ամուսնացել է, ապրում է Ղարաբաղում, որդին ծառայում է ՀՀ զինված ուժերում, հունվարին զորացրվելու է։ Հասմիկի խնամքին են երկու անչափահաս դուստրերը։

Կնոջ հույսն է, որ տղան գա, անցնի աշխատանքի, իր հոգսն էլ կթեթևանա․ «Ասում ա՝ մա՛մ, մի քիչ համբերի, մի 5 ամիս էլ աշխատի, մինչև ես գամ»։

6 անգամ վիրահատված Հասմիկ Սարգսյանն աշխատում է հացի փռում։ Թեև նա ծնկի լուրջ վիրահատություն է տարել և նրան արգելվում է երկար ժամանակ նստած մնալ, նա թոնրի առաջ առավոտյան 7-ից մինչև երեկոյան 7-ը հաց է թխում։ Բացի դա՝ բազմահանգույց միոմաների պատճառով բարձր ջերմաստիճանի պայմաններում նա հաճախ արնահոսում է։ Փռում օրական վաստակում է 2000 դրամ և 7-8 հատ հաց։ Ընտանիքը միայն վերջերս է լուծել փաստաթղթային խնդիրները և ստանում է 24 հազար դրամ նպաստ։ Նպաստը չէր տրամադրվում մշտական հաշվառման հասցե չունենալու պատճառաբանությամբ։

Վատառողջ է ոչ միայն Հասմիկը, այլ նաև նրա երկու անչափահաս դստրերը։ 9-ամյա Կարինեն մեկ տարի առաջ վիրահատվել է, մյուսը՝ 15-ամյա Վիկտորիան, ոտքի հետ կապված խնդիր ունի։ Հասմիկի ծնողները տարեց են և անաշխատունակ, չեն կարողանում օգնել դստերը։

Օրեր առաջ Հասմիկն արյունահոսել է, գիտակցությունը կորցրել, նրան տեղափոխել են Սիսիանի հիվանդանոց, որտեղից էլ Երևան է եկել։ Բժիշկները նրան խորհուրդն են տվել շտապ վիրահատվել։

«Չգիտեմ՝ վիրահատությունից հետո ոնց կլինի։ Որ ես չաշխատեմ, բա էս երեխեքին ո՞նց պահեմ», – լացելով պատմում է կինը։

Հասմիկը երեխաներին պահելու համար, ինչպես ինքն է ասում, մի քանի անգամ դրամ և ուտելիք է գողացել։ 2015 թվականին նա հարևանուհու տնից գումար, պանիր և պահածո է գողացել: Այդ ժամանակ դատարանը նրան դատապարտել էր 4 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է 2 տարվա փորձաշրջան։

Փորձաշրջանը դեռ չավարտված՝ 2016 թվականին, Հասմիկը ծանոթի տանից գումար է գողացել։ Այս անգամ էլ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, փորձաշրջանը սահմանվել է 5 տարի:

2017֊ին, տանը ուտելիք չլինելու պատճառով, Հասմիկը 10 հազար դրամ է գողացել ընկերուհու տնից, միրգ և բանաջարեղեն է գնել։

Հասմիկը պնդում է, որ ինքն իրականում 4000 դրամ էր գողացել, սակայն քննիչը ճնշում է գործադրել իր վրա՝ ստիպելով խոստովանել 10000 դրամի գողություն, ինչն արդեն քրեորեն հետապնդելի է: Իր վրա գործադրված ճնշումների հարցով Սարգսյանը ՀՔԾ էր դիմել, սակայն գործը կարճվել էր: Այժմ գործի կարճումը բողոքարկվում է:

Գործի նյութերից տեղեկանում ենք, որ Հասմիկ Սարգսյանը կամովին հատուցել է տուժողին գույքային վնասն ամբողջությամբ, տուժողը հաշտվել է նրա հետ և Հասմիկի նկատմամբ որևէ բողոք, պարտք կամ պահանջ չի ներկայացրել։ Բացի դա, տուժողը դատարանին խնդրել է Սարգսյանին մեղմ վերաբերվել:

Առաջին ատյանի դատարանը Սարգսյանին դատապարտել է 6,5 տարի ժամկետով՝ հաշվի առնելով, որ դեռ փորձաշրջանում գտնվելու ժամանակ է նույն արարաքը կատարել։ 2018 թվականին Վերաքննիչ դատարանը փոփոխել է պատիժը և նրան դատապարտել 5 տարվա ազատազրկման։

Այժմ Հասմիկը դիմել է Վճռաբեկ դատարան․ «Խնդրանքս էն ա՝ գոնե երեխեքին խղճան։ Կալանքը տալուց հիմա չտան, սպասեն տղաս բանակից գա, նոր․․․ Եթե օգնեն, կալանքը հանեն․․․ մնամ երեխեքիս պահեմ, թեկուզ հիվանդ լինեմ, բայց երեխեքի կողքին լինեմ»։

Ի պաշտպանություն Հասմիկ Սարգսյանի՝ մի քանի քաղաքացիներ նամակ են ուղարկել բարձրաստիճան պաշտոնյաներին, այդ թվում՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանին՝ պահանջելով վճիռ կայացնելիս հաշվի առնել հետևյալ հանգամանքները՝ անչափահասների խնամակալ լինելը, առողջական ծանր վիճակը, աղքատությունը։ Նամակի հեղինակները կարծում են, որ հարկավոր են անհապաղ օրենսդրական փոփոխություններ, որոնք «կբացառեն նմանատիպ անարդար դատավճիռների օրինականությունը և նման անհամաչափությունը կատարված հանցանքի ու պատժի միջև, աղքատությունից դրդված գործողություններին հատուկ որակում և մոտեցում կցուցաբերեն»։

«Վճռաբեկ ատյանի խնդիրը զուտ օրենքների ֆորմալ պահանջների կատարումը չէ, այլ մարդակենտրոն իրավունքի զարգացումը և այդպիսի իրավունքի փիլիսոփայության ներմուծումն արդարադատության ոլորտ», ֊ ընդգծում են նամակի հեղինակները:

Epress.am-ը գործի հետ կապված զրուցել է փաստաբան Մուշեղ Շուշանյանի հետ, որն ընդգծել է՝ Սարգսյանի դեպքում պետությունը չի կատարել իր պարտավորությունները։

«Խոսք է գնում Հասմիկ Սարգսյանի և նրա չորս երեխաների՝ սովի չմատնվելու հիմնարար իրավունքի խախտման մասին, այն է՝ նրանց սովի չմատնվելուց պետության կողմից պաշտպանություն և անհրաժեշտ աջակցություն չտրամադրելու մասին։ Նմանապես Հասմիկ Սարգսյանի և նրա առողջական խնդիրներով տառապող երեխաների համար պետության կողմից չի ապահովվել առողջության առավելագույնս հասանելի մակարդակից օգտվելու իրավունքը», ֊ նշել է Շուշանյանը։

Ուշագրավ է, որ դեռևս Վերաքննիչ դատարանն էր իր որոշման մեջ անդրադարձել ընտանիքի սոցիալական ծանր պայմաններին, նրա երեխաների մոտ տարբեր հիվանդությունների առկայությանը, գումարի հափշտակությունը ծայրահեղ ծանր սոցիալական վիճակով պայմանավորված կատարելուն, և հանգել այն եզրակացությանը, որ Սարգսյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքների համակցությունն այն աստիճան առանձնահատուկ է, որ կարող է բացառություն համարվել և, ըստ այդմ, մեղմ պատիժ նշանակվել։

Չնայած դրան, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել դեպքի բացառիկությունը՝ հիմնվելով քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի 7-րդ մասի վրա, որի համաձայն՝ փորձաշրջանի ընթացքում անձի կողմից միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր դիտավորյալ հանցանք կատարելու դեպքում դատարանը վերացնում է պատիժը պայմանականորեն չկիրառելը։

Այնինչ, ընդգծել է փաստաբանը, գործով հաստատվել էր, թե Սարգսյանի կողմից գումար հափշտակելու շարժառիթը եղել է իր անչափահաս երեխաներին սովի չմատնելը։ Այսինքն, դատարանը երեխաներին կերակրելը պետք է դիտարկեր որպես ծայրահեղ անհրաժեշտություն, իսկ գումարի հափշտակությունը ծայրահեղ անհրաժեշտության վիճակում կատարված քայլ։

Քրեական օրենսգրքի 44֊րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ հանցագործություն չի համարվում քրեական օրենքով պաշտպանվող շահերին վնաս պատճառելը ծայրահեղ անհրաժեշտության վիճակում։ Վերաքննիչ դատարանը վճիռ կայացնելիս հենց այդ հոդվածը պետք է կիրառեր, գտնում է փաստաբանը։

Դա հիմնավորվում է նաև նրանով, որ Սարգսյանը թույլ չի տվել նաև նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ծայրահեղ անհրաժեշտության սահմանազանցում։ Այն է, որ նա, մուտք գործելով տուժողի բնակարան, ընդամենը հափշտակել է սնունդ գնելու համար անհրաժեշտ դրամ, մինչդեռ հնարավորություն է ունեցել հափշտակելու նաև այլ գույք, ինչը չի արել։

«Այսինքն, նրա կողմից դիտավորությամբ պատճառված վնասը ակնհայտորեն համապատասխանել է երեխաների կյանքին և առողջությանը սպառնացող վտանգի բնույթին ու աստիճանին և վտանգը վերացնելու հանգամանքներին», ֊ ասել է փաստաբանը։

Շուշանյանի խոսքով՝ Վճռաբեկ դատարանը որոշում կայացնելիս պետք է հաշվի առնի, որ Հասմիկի ընտանիքում ծայրահեղ անհրաժեշտության վիճակն առաջացել է պետության կողմից իր պարտավորությունները չկատարելու հետևանքով։