Home / Ոստիկանություն / Ընտրություններ՝ առանց հանգուցյալների

Ընտրություններ՝ առանց հանգուցյալների

Հաշվի առնելով նախորդ տարիների պրակտիկան՝ այս ընտրությունների 43.65 տոկոս մասնակցությունը բավականաչափ բարձր մակարդակ է։ Այս մասին «Մեդիա կենտրոն»-ում ասել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացրած «Ականատես» խումբի անդամ, Գյումրու «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը։

«Քաղաքական քաղքենիները սկսելու են ծամել այդ թեման, թե իբր 43.65 տոկոսը էդ ի՞նչ մի ցուցանիշ է, որ ուզում եք ասել, որ դա որակյալ մասնակցություն էր։ Անցյալ տարվա համեմատ այդ ցուցանիշը 2.5 տոկոսով ավելին էր և մասնակիցների թվով 25000 հոգով ավելին էր։ Բայց երբ որ խորանում ես, թե ինչ կա դրա ետևում կանգնած, պիտի նկատենք, որ այս անգամ չկային հանրապետականների տասովչիկների բրիգադները, քրեական խավը ներգրավված չէր ընտրությունների մեջ, որոնք ծանր հիվանդ տատիկ֊պապիկներին գրկած բերում էին տեղամաս, որպեսզի անհրաժեշտ քվեն ապահովեին։ Չկային ճնշումները ազատ ընտրողների նկատմամբ։ Դժվար է գնահատել, թե դա քվեների ինչ կշիռ է։ Իմ մասնավոր գնահատականով՝ 150 հազար քվեի կշիռ է։ Եթե դա ավելացնենք ստացված արդյունքին, մասնակցության տոկոսը կարող էր լինել մինչև անգամ 63-65 տոկոս», -նշել է Բարսեղյանը՝ հավելելով, որ տարբեր գնահատականներով Երևանում ընտրելու իրավունք ունեցողների 15֊20 տոկոսը գտնվում էին Հայաստանի Հանրապետությունից դուրս։

Վերջինս հեգնանքով ընդգծել է, որ հանգուցյալներն այս անգամ անհասկանալի պատճառներով որոշել են չմասնակցել ընտրություններին։

Նախորդ տարիների ընտրությունները որակելով չընտրություն՝ Բարսեղյանը նշել է, որ այս ընտրությունները արմատապես տարբերվում են նախորդ 20 և ավելի տարիներին տեղի ունեցածներից, քանի որ եղել են որակապես թռիչքաձև տարբերվող։ Մասնավորապես չեն եղել մարդկային կուտակումներ, ուղղորդումներ, հոգեբանական ճնշում, ընտրակաշառքի մասին ահազանգեր և այլն։

«Ապացուցվեց, որ նախորդ ռեժիմը չէր կարողացել իսպառ ոչնչացնել մարդկային արժանապատվությունը ու ազատության ձգտումը։ Էս ընտրությունները երկար են հիշվելու։ Սա առաջին ստուգարքն էր հեղափոխությունից հետո, և պարտավոր ենք այն դիտարկել հեղափոխության տրամաբանության շրջանակներում», -նշել է Բարսեղյանը։

Դիտորդական առաքելության արդյունքում ամփոփվել է ինչպես ընտրության ընթացքը, այնպես էլ նախապատրաստական աշխատանքներն ու քվեաթերթիկների հաշվարկման փուլը։ Նախապատրաստական փուլում ամենաշատ խախտումները՝ 59 տոկոս, վերաբերել են տեղամասերում թեքահարթակների բացակայությանը, ընտրասենյակի կահավորման խնդիրներին։

Դիտորդական առաքելության խմբի անդամ Սոնա Այվազյանն անդրադառնալով հանձնաժողովի աշխատանքին՝ նշել է, որ որակի աճ, զարգացում նախկինի համեմատ չի եղել, պարզապես նրանք գործել են ավելի ազատ և անկաշկանդ պայմաններում։

Այվազյանն առանձնացրել է ընտրության օրվա ընթացքում արձանագրված խախտումները․ 232 ընտրողների անուններ չեն եղել ընտրողների ցուցակում կամ սարքում ներառված, եղել են գրանցման հետ կապված խնդիրներ՝ մոտ 705 դեպք։ Արձանագրվել է ընտրողին օգնելու կարգի խախտումներ՝ մոտ 40 դեպք, քվեարկության գաղտնիության խախտումներ՝ մոտ 35 դեպք։ 26 ընտրողներ իրենց անվան դիմաց ստորագրություն են նկատել․ նրանցից մեկը ի վերջ չի քվեարկել և հեռացել է։ 18 տեղամասում տեխնիկական սարքի խափանումներ են եղել։

Դիտորդական առաքելության անդամ, «Ռեստարտ» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչ Դավիթ Պետրոսյանը հատկապես կարևորել է ոստիկանների աշխատանքը։

Ըստ նրա՝ եթե նախկին ընտրությունների ժամանակ պետք էր հանձնաժողովի նախագահի միջոցով մի քանի անգամ ոստիկանին խնդրել, որ իրականացնի իր պարտականությունները, այս անգամ ոստիկանները ավելի պատրաստակամ էին․ «Դրսում կարող էինք նկատել ոստիկանական խմբեր, որ շրջում էին, փորձում էին տեսնել ինչ խնդիրներ կան։ Կարծում եմ՝ այդ կուտակումները, որ չեն եղել, նաև ոստիկանական աշխատանքի շնորհիվ է»։

Այս ընտրություններից հետո, նշել է Պետրոսյանը, պետք է ընտրությունների դերի մասին խոսել․ «Մեզ մոտ, իհարկե, տեղի է ունեցել հեղափոխություն, փոփոխությունները անհնար է չնկատել, բայց մարդկանց մոտ գիտակցում, որ ընտրությունը ճանապարհ է իրենց իշխանությունը իրականացնելու, դեռևս ամբողջովին արմատավորված չէ»։