Home / Video / Պատկերացնենք Երևանը Տարոն Մարգարյանից հետո․ զրույց

Պատկերացնենք Երևանը Տարոն Մարգարյանից հետո․ զրույց

Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունում չի քննարկվել այն հարցը, թե ով կարող է փոխարինել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, եթե վերջինս հրաժեշտ տա իր պաշտոնին։ Նման քննարկում չի եղել նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում։ Այս մասին Epress․am֊ի հետ զրույցում ասել է Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ներկայացուցիչ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Զարուհի Բաթոյանը։ Լրագրող Շահանե Խաչատրյանը հիշեցրել է, որ մի խումբ քաղաքացիներ և հասարակական կազմակերպություններ հայտարարել են, որ Երևանի քաղաքապետի պաշտոնում տեսնում են հենց իրեն՝ Բաթոյանին, բացի դա, քաղաքապետ լինելու հավակնությունների մասին հայտնել է Ավագանու «Ելք» խմբակցության մեկ այլ անդամ՝ Ալեն Սիմոնյանը, որը երեկ հրաժարվել է պատգամավորական մանդատից։

«Որևէ որոշում, պայմանավորվածություն, զրույց, որը կապ կունենա քաղաքապետի թեկնածության հետ մենք չենք ունեցել։ Պարզապես հարցեր են ուղղել [մեզ]․․․ Օրինակ, ինչպես որ ինձ են հարցեր ուղղել… Ակտիվիստների և հասարակական կազմակերպությունների խումբը, երբ ինձանից հարցրեց՝ պատրաստվում ենք հրապարակել նամակը, իսկ Դուք կուզե՞ք, պատրա՞ստ եք, ես ասացի՝ այո, եթե գա դրա ժամանակը, պատրաստ եմ։ Եվ նույնն էլ, կարծում եմ, Ալեն Սիմոնյանը, և ոչ միայն Ալեն Սիմոնյանը կարող են լինել շատ մարդիկ, ովքեր շատ ավելի կոմպետենտ են, շատ ավելի պատրաստված են և շատ ավելի նվիրված կաշխատեն որպես քաղաքապետ կամ քաղաքապետարանում, քան մենք տեսնում ենք այսօր ղեկավարող ուժի կողմից», ֊ նշել է Բաթոյանը։