Home / Video / Վանդալիզմի դեմ բողոքողները մտել են Երևանի քաղաքապետարան

Վանդալիզմի դեմ բողոքողները մտել են Երևանի քաղաքապետարան

Այսօր Երևանի բնակիչները բողոքի ակցիա են անցկացրել քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող այգու ծառահատումների դեմ, ապա ներխուժել են Երևանի քաղաքապետարան՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ հանդիպում պահանջելով։ Այգում շինաշխատանքների վերաբերյալ երեկ Երևանի քաղաքապետարանը հայտարարություն էր տարածել՝ նշելով, թե հատվել են չոր և ծերացած ծառերը և դրանց փոխարեն նոր ծառեր են տնկվելու:

Դեռևս նախորդ տարվա դեկտեմբերին, Երևանի ավագանու որոշմամբ այգին հանձնվել էր «Վարդանյան ընտանիք» («Գրանդ Քենդի» ընկերության սեփականատերեր Վարդանյան ընտանիքի հիմնադրամ֊խմբ․) բարեգործական հիմնադրամին՝ Երևան քաղաքի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումներին ընդառաջ բարենորոգում իրականացնելու համար:

Այսօր կեսօրին ակցիա անցկացնող քաղաքացիներին մոտեցել են բարեգործական հիմնադրամի աշխատակիցներն ու կրկնել են, որ հատվել են չորացած ծառերը: Քաղաքացիները ցույց են տվել թարմ հատված ծառերի ճյուղեր և այդ ճյուղերը տարել են Երևանի քաղաքապետարանի մուտքի դիմաց՝ փակելով այն։ Քաղաքացիները պահանջել են, որ անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանն իջնի և պատասխան տա կատարված վանդալիզմի համար: «Եթե Տարոնը չենթարկվի քրեական պատասխանատվության, ապա էս ամեն ինչը կապիկություն ա եղել»,- ասել է ակտիվիստներից մեկը:

Քաղաքացիները վանկարկում էին «Տարոն, հանցագործ»: Քանի որ Մարգարյանը չի իջել, քաղաքացիները մտել են քաղաքապետարան: Նրանց մոտեցել է փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը և ասել․ «Էս ձևով հարցեր չեն լուծում: Առաջարկ եմ անում բարձրանանք բրիֆինգների դահլիճ»: Քաղաքացիներն ասել են, կընդունեն այդ առաջարկը, եթե Տարոն Մարգարյանը գալու է այդ հանդիպմանը: Նրանց նաև առաջարկել են այլ վայրում հանդիպում կազմակերպել, ինչը քաղաքացիները նույնպես մերժել են։