Home / Հայաստան / «Հայկական ժամանակ». Ավազակային հարձակում «Սթարի» վրա

«Հայկական ժամանակ». Ավազակային հարձակում «Սթարի» վրա

Օրաթերթը գրում է «Սթար» սուպերմարկետի վրա ավազակային հարձակման մասին:

Երեկ մեզ հայտնի դարձավ, որ սեպտեմբերի 5-ի լուսաբացին դիմակավորված և մահակներով զինված մի խումբ անձինք հարձակում են գործել «Սթար» սուպերմարկետների երկու մասնաճյուղերի վրա: Ըստ որոշ տեղեկությունների, նրանք կոտրել են խանութների ապակե դռները, ներխուժել խանութ և այնտեղից դուրս բերել տարադրամի փոխանակման կետերի չհրկիզվող պահարանները, ինչպես նաև` մի մասնաճյուղից` երկու շիշ վիսկի, մյուս մասնաճյուղից` մի քանի շիշ թանկարժեք կոնյակ:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից այս տեղեկությունները հաստատեցին և հայտնեցին, որ խումբը հարձակում է գործել Երևանի Ավան և Մալաթիա-Սեբաստիա համայնքներում գտնվող մասնաճյուղերի վրա: Առաջին հարձակումը տեղի է ունեցել ժամը 6.30-ի, երկրորդը` 7.15-ի սահմաններում: Հավանաբար գործել է նույն խումբը, քանի որ նկատվում է նույն ձեռագիրը: Ոստիկանությունից հայտնեցին նաև, որ դեպքի հետ կապված քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Գողություն ):

Դեպքի մասին ոստիակնությունը ոչ մի հաղորդագրություն չէր տարածել: Ի պատասխան մեր հարցի, թե ինչու կատարվածի մասին ոստիկանության կայքէջում տեղեկատվություն չկա, ոստիկանության լրատվական ծառայության աշխատակիցներից մեկն ասաց, թե ոստիկանության կայքէջում «հիմնականում տեղադրվում են բացահայտված և աննախադեպ միջադեպերը»: Տեղի ունեցածի հետ կապված` «Սթար» սուպերմարկետների ցանցի ղեկավարությունից երեկ մեկնաբանություն ստանալ չհաջողվեց: