Home / Հայաստան / Իշխանություններն ու ընդդիմությունը զբաղված են միմյանց ոչնչացնելով. իրավագետ

Իշխանություններն ու ընդդիմությունը զբաղված են միմյանց ոչնչացնելով. իրավագետ

Սահմանադրագետ, իրավագետ Հրայր Թովմասյանը չի կարողանում հասկանալ, թե ինչ երկրում է ինքն ապրում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Թովմասյանը նման խոստովանություն է արել` խոսելով իշխանության և ընդդիմության միջև ընթացող քաղաքական պայքարի մասին:

Իրավագետը նշել է, որ տարակուսանք է ապրում, երբ բացում է մի թերթ ու կարդում է, որ մեր երկրին սպասվում է պայծառ ապագա, մինչդեռ մյուս թերթում գրված է, որ մեր երկիրը կործանվում է: Իրավագետի խոսքով` երկրում առաջացած խնդիրների համար պատասխանատու չպիտի լինեն միայն իշխանությունները, այլև ընդդիմությունը, որը, Թովմասյանի խոսքով, չի կարողացել իր առջև դրված նպատակներին հասնել:

Իրավագետը նաև նշեց, որ մեզ մոտ ընդդիմությունը և իշխանությունը զբաղված են միմյանց ոչնչացնելու քաղաքականությամբ, և եթե  ընդդիմության մոտ դրանք միայն հայտարարություններ են, ապա իշխանության մոտ, կարծես, ինչ-որ ձևով ստացվում  է:

«Մեր քաղաքական ընդդիմությունն ավելի շատ փիլիսոփայում է` կամ ամեն ինչ, կամ ոչինչ: Ես նրանց չեմ էլ մեղադրում, բայց դրանից ոչինչ չի փոխվում»,- ասել է Հրայր Թովմասյանը`  նաև համեմատություն անցկացնելով լրագրողների աշխատանքի և ընդդիմության միջև, քանի որ, ըստ նրա, երկուսն էլ հասարակության մեջ կատարում են միևնույն գործառույթները: