Home / Армения / ՀՀ ԱԳՆ-ում քննարկեցին շփման գծում տեղի ունեցած սադրանքները

ՀՀ ԱԳՆ-ում քննարկեցին շփման գծում տեղի ունեցած սադրանքները

Տարածաշրջանային այցի շրջանակներում երեկ երեկոյան Ստեփանակերտից Երևան ժամանած ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Բերնար Ֆասիեին, Ռոբերտ Բրադտկեին, Իգոր Պոպովին և ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին այսօր ընդունել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Ինչպես հաղորդում են ԱԳՆ-ից, համանախագահները Էդվարդ Նալբանդյանին են ներկայացրել նախորդ օրերին Բաքվում և Ստեփանակերտում Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ իրենց քննարկումների արդյունքները:

Նալբանդյանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի անմիջական մասնակցությունը խաղաղ կարգավորման բանակցություններին «անհրաժեշտություն է և զգալիորեն կնպաստի հիմնախնդրի կարգավորմանը»:

Քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան շփման գծում տեղի ունեցած սադրանքները և դրանց հնարավոր հետևանքները բանակցային գործընթացի և հակամարտության գոտում իրադրության վրա, ինչպես նաև առաջիկա անելիքները, բանակցությունների շարունակումը մադրիդյան առաջարկությունների հիման վրա: