Home / Հայաստան / Էներգադոլարները Ղարաբաղի հայերի դեմ. նոր պատերազմը կարող է պայթեցնել տարածաշրջանը

Էներգադոլարները Ղարաբաղի հայերի դեմ. նոր պատերազմը կարող է պայթեցնել տարածաշրջանը

Բաքուն և Երևանը, ռազմատենչ հայտարարություններ անելով, իրականությունից այդքան էլ հեռու չեն: Այս մասին, ռազմական փորձագետներին հղում կատարելով, գրում է ռուսաստանյան Независимая газета-ն:

Ադրբեջանը էներգադոլարները ռազմական ոլորտում ակտիվ ներդնելու շնորհիվ կարողացել է որոշակի առավելություն ստանալ տեխնիկական առումով, ինչպես նաև ադրբեջանական կողմը կարողացել է ավելացնել բանակի թվաքանակը:

Սակայն ռազմական փորձագետները նշում են, որ այդ առավելությունը կարող է զրոյի հավասարվել ռազմական գործողությունների ժամանակ` հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի լեռնային բնությունը և այն փաստը, որը պաշտպանվողը միշտ առավելություն ունի հարձակվողի նկատմամբ:

«Շատ կարևոր է նաև կամային պատրաստականության մակարդակը, բանակային ոգին: Այստեղ ես չէի ասի, որ Ադրբեջանն առավելություն ունի հակառակորդի նկատմամբ, ճիշտ հակառակը: Գոնե միայն այն պատճառով, որ հայերը կարողանում են իրենց օջախները պահել ոչ թե ռազմաազգասիրական զրույցների մակարդակով, այլ շատ առարկայականորեն: Եթե գործը զինված հակամարտությանը հասնի, ապա նոր պատերազմը կարող է պայթեցնել տարածաշրջանը», – հայտարարել է թերթի զրուցակիցներից մեկը, ով չի ցանկացել ներկայանալ:

Независимая газета-ն գրում է, որ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում հակամարտության մեջ կարող են ներքաշել Թուրքիային` որպես Ադրբեջանի ռազմավարական գործընկեր, և Ռուսաստանին` որպես Հայաստանի ռազմավարական գործընկեր:

Հայաստանը և Ադրբեջանը կսկսեն ճնշում գործադրել Վրաստանի վրա, որը հանդիսանում է երկու երկրների ռազմավարական գործընկերը:

Երևանում և Բաքվում, հավանաբար, պատկերացնում են այս դժոխքը և, գրում է հոդվածագիրը, նրանք ռազմական բնույթի հայտարարություններն անում են միայն ներքին սպառման համար: