Home / Армения / Հայաստանի հավաքականի հարձակվողով հետաքրքրվում է «Էսպանյոլը»

Հայաստանի հավաքականի հարձակվողով հետաքրքրվում է «Էսպանյոլը»

Իսպանական «Էսպանյոլ» ակումբի ներկայացուցիչները հետաքրքրություն են ցուցաբերում Հայաստանի հավաքականի և դանիական «Ռանդերսի» հարձակվող Յուրա Մովսիսյանի նկատմամբ, նշում է իսպանական El Mundo Deportivo-ն:

«Էսպանյոլի» սկաուտները Մովսիսյանի խաղը նկատել են Հայաստանի հավաքականի կազմում, որտեղ Եվրո-2012-ի ընտրական փուլում անցկացրած 4 հանդիպումներում հարձակվողը 3 գոլի հեղինակ է դարձել:

Այս պահի դրությամբ «Էսպանյոլը» Իսպանիայի առաջնությունում 18 միավորով զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը` զիջելով միայն «Ռեալին», «Բարսելոնային» և «Վիլյառեալին»: Սակայն թիմը հարձակվողական գծում խնդիրներ ունի. «Էսպանյոլը» տասը խաղում ընդամենը 9 գնդակ է խփել, որը երրորդ վատագույն ցուցանիշն է «Ալմերիայից» և «Դեպորտիվոյից» հետո: Պատահական չէ, որ Բարսելոնան ներկայացնող երկրորդ ակումբն այս պահին հարձակվող է փնտրում:

Նշենք, որ Մովսիսյանի «Ռանդերսից» տեղափոխվելու լուրերը գնալով ավելի հաստատուն երանգ են ստանում: Ավելի վաղ հաղորդվում էր, որ նրանով հետաքրքրված է վերջին երկու առաջնություններում Ռուսաստանի չեմպիոն «Ռուբինը», ինչպես նաև գերմանական ակումբներ: