Home / Армения / Հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը վստահորեն զարգանում է. Սերժ Սարգսյան

Հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը վստահորեն զարգանում է. Սերժ Սարգսյան

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ ազգային ժողովի և ՌԴ դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի պատվիրակությանը` հանձնաժողովի համանախագահներ, Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս, ՌԴ դաշնության խորհրդի անդամ Նիկոլայ Ռիժկովի և ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Արամ Սաֆարյանի գլխավորությամբ:

Նախագահն ընդգծել է, որ ամուր հիմքերի վրա գտնվող հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը վստահորեն զարգանում է, և երկկողմ կապերի սերտացման գործում կարևոր դեր ունի նաև միջխորհրդարանական համագործակցությունը: Հանրապետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր մեծ նվիրումով և ամենօրյա գործունեությամբ նպաստում են երկու երկրների հարաբերությունները տարեցտարի որակական նոր աստիճանի բարձրացնելուն:

«Հայաստանը գնահատում և երախտագիտությամբ է վերաբերվում իր բարեկամներին»,- ասել է Սերժ Սարգսյանը: Այդպիսի բարեկամներից մեկը, նրա խոսքով, ՌԴ պետական դումայի ԱՊՀ և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն է, ում նախագահը պարգևատրել է Պատվո շքանշանով` ՀՀ-ի և ՌԴ-ի միջև համագործակցության խորացման, ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:

Նիկոլայ Ռիժկովը Հանրապետության ղեկավարին ներկայացրել է ՀՀ ազգային ժողովի և ՌԴ դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախորդ նիստերում կայացված որոշումների արդյունքում մինչ այժմ իրականացված աշխատանքն ու երևանյան հերթական նիստում քննարկվելիք հարցերը, որոնք միտված են նորարարության, բարձր տեխնոլոգիաների, գիտության և կարևորագույն մի շարք այլ ոլորտներում երկու երկրների միջև փոխգործակցության զարգացմանը: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը: