Home / Հայաստան / Նիկիտա Սիմոնյանը տեղյակ կլիներ Հայաստանի և Ռուսաստանի միջև գործարքից

Նիկիտա Սիմոնյանը տեղյակ կլիներ Հայաստանի և Ռուսաստանի միջև գործարքից

Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը «զառանցանք և հիմար անմտություն» է անվանել «Ժամանակ» թերթի տեղեկատվությունն այն մասին, թե Ռուսաստանը Հայաստանին գործարք է առաջարկում Եվրո-2012-ի ընտրական փուլի շրջանակներում Ռուսաստանի հետ հանդիպումը տանուլ տալու դիմաց:

«Ի՞նչ կարելի է ասել: Վրդովվել, թե՞ ծիծաղել: Ի սեր Աստծո, դժվար է հասկանալ այս ԶԼՄ-ներին: Դա ավելի քան ապուշ անմտություն է: Ես երբեք խղճիս հետ գործարքի չեմ գնացել, ոչ էլ` ֆուտբոլային գնդակի: Ես հավատացած եմ, որ Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահ Սերգեյ Ֆուցենկոն էլ չի կարող նման կերպ վարվել», – Infox.ru-ի հետ զրույցում ասել է Սիմոնյանը:

«Որտեղի՞ց են այդ հորինվածքները` չեմ հասկանում: Մենք հանդիպել ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հետ Սանկտ Պետերբուրգում կայացած Համագործակցության Գավաթի շրջանակներում. նման բանի մասին խոսք անգամ չկար: Դա վիրավորանք է ՌՖՄ-ի և ռուսական ֆուտբոլի համար», – ընդգծել է Սիմոնյանը:

«Պաշտոնական պատասխան պետք է տա Սերգեյ Ֆուցենկոն: Ես ընդամենը իմ կարծիքն եմ հայտնել: Հավանաբար, Սերգեյ Ֆուցենկոն մի բերան կասեր ինձ, թե արի հայերի հետ խոսենք: Սակայն ոչ մի նման բան չի եղել», – եզրափակել է նա:

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ռուսաստանի հավաքականներն ընդգրկված են մեկ խմբում: Այս պահին Հայաստանի հավաքականը Ռուսաստանից հետ է մնում ընդամենը 2 միավորով, սակայն հաղթանակի դեպքում զգալի կավելացնի Եվրո-2012-ի եզրափակիչ դուրս գալու հնարավորությունները: