Home / Հայաստան / Բարձրաստիճան ոստիկանը սպառնացել է ԿԲ նախկին նախագահին

Բարձրաստիճան ոստիկանը սպառնացել է ԿԲ նախկին նախագահին

Մարտի 1-ին Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքը սկսելու ժամանակ, երբ ոստիկանները սկսել են քաշքշել ու հրել մարդկանց, քաշքշոցը կանխելու փորձ է արել Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը, ինչի համար արժանացել է ոստիկանության Երևանի վարչության պետ Ներսիկ Նազարյանի սպառնալիքներին: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Բագրատ Ասատրյանը` չմանրամասնելով, սակայն, թե կոնկրետ ինչ սպառնալիքնրի մասին է խոսքը:

«Խիստ վիրավորական է, որ բարձրաստիճան ոստիկանն իրեն իրավունք է վերապահում ակնհայտ ապօրինի գործողությունների դիմել: Ես սա համարում եմ սպառնալիք` ուղղված իմ անձի դեմ, ինչը կանխելը հանդիսանում է ոստիկանության կարևոր խնդիրներից»,- նշել է Բագրատ Ասատրյանը: Մեր այն հարցին, թե արդյոք դա հաղորդում է հանցագործության մասին, Ասատրյանը պատասխանեց.

«Իմ ասածը կընդունվի որպես հաղորդում հանցագործության մասին, թե չի ընդունվի, միևնույն է, ընթացք չի տրվելու: Սակայն, եթե ոստիկանությունը մտածում է օրինականության կամ իր իսկ հեղինակության մասին, ապա, իհարկե, պետք է ընթացք տա»,- նշել է Բագրատ Ասատրյանը:

Իսկ ոստիկանների պահվածքը մարտի մեկին, Բագրատ Ասատրյանի խոսքով, վախի և լարվածության արդյունք էր, ինչը հանրահավաքի բազմամարդության հետևանք էր: Ըստ Ասատրյանի, եթե նախորդ հանրահավաքներում քաշքշոցը հրահրում էր միջին սպայական կազմը, ապա այս անգամ այդ գործին շատ ագրեսիվ կերպով մասնակցում էին բարձրաստիճան ոստիկանները:

«Ստացվում է մի անհեթեթ իրավիճակ` ընդդիմությունն ավելի անհանգստացած է պետական շահով, ավելի օրինապահ է, քան իշխանությունները կամ նրա առանձին հատվածները, որոնք իրենց ապաշնորհ սադրիչ գործողություններով ավելի են թեժացնում առանց այդ էլ լարված իրավիճակը:

Իշխանություններն ընդհանրապես և, մասնավորապես, օրինականության համար պատասխանատու օղակները միշտ բոլոր իրավիճակներում պետք է օրենքին հետևեն, իսկ ավելի ըմբոստ հատվածը պետք է ձգտի շրջանակներից դուրս գալ, բայց Հայաստանում հակառակն է տեղի ունենում: Իրավիճակի նման զարգացումը երկար չի կարող շարունակվել, մի օր այն կպայթի, որը կարող է շատ վտանգավոր լինել»,- եզրափակել է Բագրատ Ասատրյանը: