Home / Հայաստան / Երբ ազգովի կանգնենք, տասը օրում իշխանափոխության խնդիրը կլուծվի. ընդդիմադիր

Երբ ազգովի կանգնենք, տասը օրում իշխանափոխության խնդիրը կլուծվի. ընդդիմադիր

Ձեր հակարակորդն այստեղ կանգնած ոստիկանը չէ: Ձեր հակարակորդը նրան հրաման տվողն է: Այս խոսքերով ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը դիմել էր ՀՀ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են կազմակերպել բացօթյա առևտրի արգելքի դեմ բողոքող քաղաքացիներին:

Ինչպես ավելի վաղ ենք տեղեկացրել, բողոքի ակցիայի մասնակից մոտ 20 կանանց շրջապատել են նրանց թիվը գրեթե երկու անգամ գերազանցող ոստիկաններ և սկսել են կոպիտ հրել նրանց: Կանանցից մեկի հասցեին ոստիկանները սեռական բնույթի հայհոյանք են ուղղել: Կինը սկսել է լաց լինել, իսկ մյուս կին առևտրականները սկսել են հանգստացնել նրան` ասելով. «Էդ իրանց կանայք ու քրերն են»:

Տեղի ունեցածից վրդովված ակցիայի մասնակիցները տեղեկացրել են Մանուկյանին, որ նրանք չեն ուզում սպասել 15 օր, որոնց մասին մարտի մեկի հանրահավաքի ընթացքում խոսել է ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:

«Մենք խնդրում ենք, երկու տարի սպասել ենք: Մի կորտեք ժողովրդին: Մենք գիտակցում ենք` չեք ուզում զոհերի հաշվին լինի», – ասում էին կանայք:

Մանուկյանն, իր հերթին, հիշեցրել է Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից հնչեցրած պահանջների մասին և ասել. «Բոլոր նրանք, ովքեր գտնում են, որ պետք է իշխանափոխություն լինի, պիտի գան, կանգնեն մեր կողքը, միասին, գրագետ, հանգիստ արվի այդ գործը»:

Հավաքվածների այլ պահանջներն ու բողոքները լսելուց հետո ՀՀՇ վարչության նախագահն ասաց, որ նա ևս երեք տարի փողոցներում բողոքում է:

«Առաջարկում ենք, որ հրաման տան, երեխաներին վերցնենք, գնան Կիևյան կամրջից հայերն իրենց գցեն», – մի կնոջ այս խոսքերից հետո Արամ Մանուկյանը նկատել է. «Էնպես ես խոսում, ոնց որ իշխանության հետ ես խոսում: Ես ձեզ համար սաղ օրը փողոցում եմ, ինչի ես այդ տոնով ինձ հետ խոսում»: Նրա զրուցակիցները պատասխանել են, որ չէին ուզում վիրավորել նրան:

«Ես երեք տարի է փողոցում եմ: Հասավ ձեզ, նոր եկաք և մեր կողքը կանգնեցիք», – ասել է Մանուկյանը: Կանայք արձագանքեցին, որ նույնիսկ ներկա են եղել 2008 թվականի մարտի մեկին տեղի ունեցած իրադարձություններին: Ընդդիմադիր գործիչը թվարկել է մի քանի կանանց անուններ, որոնց հիշում է հանրահավաքից և որոնք այսօր էլ են մասնակցում ակցիայի:

«Երբ ազգովի բոլորս կանգնենք, տասը օրվա խնդիր կլինի», – եզրափակել է Արամ Մանուկյանը: