Home / Հայաստան / Ընտանիքը Խորհրդարանի դիմաց բողոքում է «ոստիկանական ամենաթողության» դեմ

Ընտանիքը Խորհրդարանի դիմաց բողոքում է «ոստիկանական ամենաթողության» դեմ

Մոտ 2 տասնյակ մարդիկ այսօր կեսօրին փակել են Բաղրամյան պողոտան` Ազգային Ժողովի դիմաց: Երթևեկությունը կանգ է առել, երկու կողմերից մի քանի կիլոմետրի հասնող խցանումներ են առաջացել:

Ինչպես հաղորդում է Epress.am-ի թղթակիցը, բողոքի ակցիայի բոլոր մասնակիցներն Իսաջանյանների մեծ ընտանիքի անդամներ են: Խորհրդարանի դիմաց հավաքված տատիկները, պապիկները, երեխաները, թոռները, տղաներն ու աղջիկները, մորաքույրներն ու հորաքույրները բողոքում են «ոստիկանական ամենաթողության դեմ»:

«Մենք արտադրամաս ունենք Մասիվ թաղամասի Մկոյան 10 հասցեում: Էլեկտրական շարժիչներ ենք հավաքում: Արտադրամասի մոտ մրգատու ծառեր են աճում: Այդ հողակտորը նույնպես մեզ է պատկանում: Այս առավոտյան ոստիկանությունը շրջափակել է մեր տարածքը և արգելել է մեզ մոտենալ: Նրանք պնդում էին, որ այդ տարածքով ճանապարհ է անցնելու: Մեզ արգելեցին նկարահանել իրենց գործողությունները, խլեցին տեսախցիկը, միաժամանակ հրում էին մեզ, և հարվածում: Երեխաները կապտուկներ են ստացել»,- պատմել է ընտանիքի զարմուհին, ով չի ցանկացել ներկայանալ:

Բողոքողներին ուժով հեռացրել են երթևեկելի ճանապարհից` գետնին տապալելով տատիկներից մեկին: Երթևեկությունը վերականգնվել է: Մեր զրուցակիցը հայտնել է, որ այն ոստիկանները, ովքեր ուժ են գործադրել, լքել են Խորհրդարանի դիմացի տարածքը:

Ավելի ուշ ոստիկանները դուրս են եկել Իսաջանյանների մոտ և հրավիրել են ընտանիքի անդամներից մեկին մտնել Խորհրդարան: Նրանց հետ գնացել է ընտանիքի մորաքույրը: Նա երկար ժամանակ դուրս չի եկել Խորհրդարանից; Այդ ընթացքում ոստիկանները մոտեցել են Իսաջանյաններին, ասել, որ «իրենց հարցը լուծված» է, ինչից հետո ընտանիքի մյուս անդամները կես ժամ սպասելով հեռացել են: