Home / Հայաստան / Հայերը, ադրբեջանցիները և վրացիները ազատության մասին համատեղ ֆիլմ են հեղինակել

Հայերը, ադրբեջանցիները և վրացիները ազատության մասին համատեղ ֆիլմ են հեղինակել

Նախորդ շաբաթ Վրաստանում կայացել է Հարավային Կովկասի երեք պետությունների` Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի երիտասարդ ակտիվիստների համատեղ ֆիլմի նկարահանումը: Հայաստանից ծրագրին մասնակցել են չորս հասարակական և քաղաքական ոլորտի ակտիիվիստներ, Վրաստանից` երեք, Ադրբեջանից` ևս չորս հոգի:

Ծրագիրը իրականացվել է գերմանական «Ֆրիդրիխ Նաուման» հիմնադրամի աջակցությամբ, այն համակարգում էին Գերմանիայից հրավիրված մասնագետները:

Ծրագրի շրջաննակներում երիտասարդները ծանոթացել են ֆիլմարտադրության բոլոր մանրամասներին, սովորել և կիրառել են ֆիլմի նկարահանման ժամանակ օգտագործվող բոլոր տեխնիկական և այլ միջոցները:

Ծրագրի ավարտին երիտասարդները նկարահանել են կարճամետրաժ ֆիլմ, որը ստացել է «Առաջընթացն աշխարհը պատկերացնելու ազատությունն է» անվանումը, որն այժմ ներկայացված է Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամի հիսունամյակին նվիրված միջազգային մրցույթին:

Ֆիլմը պատմում է կույր երաժշտի մասին, ով դժբախտ պատահարի հետևանքով կորցրել է տեսողությունը՝  իր կյանքը համարելով կորած: Մի օր առավոտյան, երբ երաժիշտը պատուհանի մոտ կանգնած ծխում էր, նրա ուղեղում հնչում են Ռավելի «Բոլերոյի» հնչյունները, նա ցնցվում է, քանի որ այդ հնչյուններն ավելի ու ավելի են ուժգնանում ուղեղում: Արագ հանգցնում է ծխախոտը և սկսում վերանորոգել տարիներ շարունակ չօգտագործված իր դաշնամուրը: Նա սկսում է նվագել «Բոլերոն», և, կարծես, այդ երաժշտությունը նրան կյանքի է կոչում, նա նորից սկսում է լիարժեք ապրել:

«Ֆիլմը պայքարի և կամքի հաղթանակի մասին է, այն ազատում է բոլոր տեսակի կապանքներից», – Epress.am-ի հետ զրույցում նշել են ֆիլմի հեղինակները:

«Ֆրիդրիխ Նաուման» հիմնադրամի Կովկասյան տարածաշրջանի ղեկավար Յասիմին Պամուկը կարևորել է նման ծրագրերի իրականացումը հատկապես Կովկասյան տարածաշրջանում:

«Գիտեք, հավանաբար, որ Հայաստանում Հայոց համազգային Շարժում կուսակցությունը, ադրբեջանական «Մուսավաթ» (ղեկավար՝ Իսա Ղամբար) և Վրաստանի Հանրապետական կուսակցությունները (ղեկավար՝ Դավիթ Ուսուպաշվիլի) ստորագրել են մի համաձայնագիր, որտեղ, մասնավորապես, նշված է, թե այդ կուսակցությունները «պետք է համագործակցեն իրենց համար համընդհանուր սկզբունքների հաստատման գործում»: Մենք էլ դեմ ենք ուժային ցանկացած գործողության, և դա կանխելու համար նման ծրագրերով միավորում ենք մարդկանց, որ նրանք հասկանան, որ կարելի է հարցերն առանց պատերազմի լուծել: Ուզում ենք, որ երիտասարդները պատերազմի դեմ հանդես գան և հասկանան, որ հնարավոր է նստել մի սեղանի շուրջ և այս կամ այն խնդրի վերաբերյալ համաձայնության գալ, ինչպես և եղավ այս կարճամետրաժ ֆիլմի նկարահանման ընթացքում, երբ տարբեր աշխարհայացքների տեր մարդկանց մտքեր բախվում էին իրար, սակայն ելքը միշտ գտնվում էր` համերաշխ համաձայնության գալով»,- ասել է Յասիմին Պամուկը: