Home / Հայաստան / «Հին հեղափոխական» Կարապետյանը կարծում է, որ Ազատության հրապարակը մարտի 17-ին գրավվել է

«Հին հեղափոխական» Կարապետյանը կարծում է, որ Ազատության հրապարակը մարտի 17-ին գրավվել է

Հայաստանյան ընդդիմությունն անընդհատ թմբկահարում էր` «ինչու չեք թողնում մտնենք Ազտության հրապարակ», բայց թողնելուց հետո` ի՞նչ արեցին: Անդրադառնալով մարտի 17-ի ընդդիմության հանրահավաքին հաջորդած իրադարձություններին` այսպիսի հարց է հնչեցրել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարպետյանի հետ այսօր կայացած բանավեճի ժամանակ:

«Ես վստահ եմ, եթե մենք այդ օրը թույլ չտայինք, որպեսզի այդ երթի մասնակիցները այդ անգամ էլ մտնեին Ազատության հրապարակ, ապա Մատենադարանի ամենաբարձր հարթակներից ամենամեծ պիտակներն ու յեսիմ ինչ որակումները կտային` «եթե մտնեինք Ազատության հրապարակ,  աշխարհը փոխելու էինք…»»,- ասել է Սահակյանը:

Ի պատասխան` Արամ Կարապետյանը նշել է.

«Դուք թողեք, ձեր գործը չի: Թույլ տվեք` մենք աշխարհը կփոխենք կամ չենք փոխի, դուք թույլ տվեք: Ժողովրդի աչքին լավ երևացեք, ավելի լավ չի՞»:

Հովհաննես Սահակյանը ևս մեկ անգամ կրկնել է, որ թույլ տալուց հետո ոչ մի արտառոց բան չեղավ:

Շարունակելով թեման` Արամ Կարապետյանը ասել է, որ ընդդիմությանը ոչ թե թույլ են տվել մտնել Ազատության հրապարակ, այլ այն գրավվել է:

«Շատ հանգիստ այն ուժերը, որ այնտեղ կանգնած էին, ես ձեզ ասեմ որպես հին հեղափոխական, մասնակցած և ձերբակալված, այդ հարցը կլուծվեր վայրկյանների ընթացքում: Ժողովրդի քանակը և ուժերը, որոնք կենտրոնացված էին այդ վայրում, կլուծեին հարցը վայրկյանների ընթացքում»,- ասել է Կարապետյանը: