Home / Հայաստան / Ադրբեջանում ապրիլի 2-ին հանրահավաք չի եղել, համոզված է քաղաքագետը

Ադրբեջանում ապրիլի 2-ին հանրահավաք չի եղել, համոզված է քաղաքագետը

Այսօրվա ադրբեջանական ընդդիմությունը իշխանության գալու համար ոչ ուժ, ոչ էլ քաղաքական ներուժ ունի: Այս մասին 1news.az-ի հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր, քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը` մեկնաբանելով ապրիլի 2-ին Ադրբեջանի մայրաքաղաքի կենտրոնում հանրահավաք անցկացնելու արմատական ընդդիմության փորձերը:

«Ես ընդդիմությանը կառուցողականների և արմատականների չեմ բաժանում: Ցանկացած ընդդիմություն պետք է ձգտի իշխանությունն իր ձեռքը վերցնելուն:

Այլ հարց է այն, որ այսօր նրանք դրա համար ոչ ուժ, ոչ էլ քաղաքական ներուժ ունեն:

Ամեն դեպքում, մարդկանց այն քանակությունը, որով նրանք ցանկանում էին դուրս գալ չարտոնված հանրահավաքի, ցույց է տալիս, որ նրանք շատ թույլ ընդդիմություն է»,- ասել է Մուսաբեկովը:

Պատգամավորի կարծիքով` ապրիլի 2-ին ոչ մի հանրահավաք չի եղել:

«Փաստացիորեն, փորձ է արվել ոչ այնքան ցուցադրել ուժը, այլ ցույց տալ, որ «մենք դեռ գոյություն ունենք»»,-նշել է Մուսաբեկովը:

Հիշեցնենք, որ շաբաթ օրը կայացած բողոքի ակցիաների ընթացքում Բաքվում, ըստ բլոգերների տեղեկությունների, ավելի քան 200 մարդ է ձերբակալվել:

Չնայած այն հանգամանքի, որ ոստիկանությունը ցրել էր հանրահավաքը, «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Իսա Ղամբարը և Ադրբեջանի Ազգային ճակատ կուսակցության նախագահ Ալի Քերիմլին կարծում են, որ ապրիլի 2-ի ակցիան կայացել է: