Home / Հայաստան / Բրայզան ուրախ է, որ Ադրբեջանը փոխել է դիրքորոշումը

Բրայզան ուրախ է, որ Ադրբեջանը փոխել է դիրքորոշումը

Քաղաքացիական ինքնաթիռներ վերացնելն անընդունելի է, այսօր հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան` մեկնաբանելով Բաքվի որոշումը` չռմբակոծել Երևան-Սթեփանակերտ չվերթն իրականացնող ինքնաթիռները:

«Ուրախ եմ, որ Ադրբեջանը փոխել է իր դիրքորոշումը և փորձում է պաշտպանել իր իրավունքները Քաղավիացիայի միջազգային կազմակերպությունում», – Բրայզայի խոսքերն է մեջբերում «ԱՊԱ» գործակալությունը:

Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքում օդանավակայան բացելու մասին հարցին դիվանագետն ասել է, թե չի ցանկանում մեկնաբանել այն:

«Թող համանախագահներն այցելեն տարածաշրջան և իրենց գնահատականը տան: Դա ճիշտ կլինի: Կարող եմ ասել, որ Ադրբեջանից ու Նախիջևանից ինքնաթիռները թռչում են Հայաստանի օդային տարածքով, և դա ընդունելի է համարվում», – ասել է Բրայզան:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի պետական քաղաքացիական ավիացիայի տնօրեն Արիֆ Մամեդովը հայտարարել էր, որ պաշտոնական Բաքուն իրեն իրավունք է վերապահում վերացնել Ստեփանակերտի օդանավակայանում վայրէջք կատարող ցանկացած ինքնաթիռ:

ԼՂՀ արտգործնախարարությունն այդ առնչությամբ հայտարարություն էր տարածել` Մամեդովի խոսքերը որակելով անպատասխանատու: